ԼՂ շուրջ ձեռք բերված համաձայնագրի տարրերն վերջին 20 տարիների ընթացքում քննարկվել են Մինսկի խմբում․ Քերի Քավանո

138

Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը պարունակում է բազմաթիվ տարրեր, որոնք մշակվել են Մինսկի խմբի շրջանակում։ Այն դուրս է պարզ հրադադարի սահմաններից, հիմք է հանդիսանում հակամարտության հնարավոր կարգավորման համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Եվրասիայում հակամարտության կարգավորման հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն։ Այս մասին գրում է Factor.am

«Սա հումանիտար զինադադար կամ հրադադար չէ, որի վրա նախկինում աշխատել են Լավրովը և Պուտինը, Պուտինը և Մակրոնը, որը Պոմպեոն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սա շատ ավելի հեռուն է գնում: Սա հրադադարի ռեժիմ է՝ խաղաղ կարգավորման հիմնական տարրերով: Այս տարրերն իրականում քննարկվել են Մինսկի խմբում վերջին 20 տարիների ընթացքում»,- հայտարարել է Քավանոն։

Այդ տարրերի թվում նա նշել է տարածքային զիջումները, խաղաղապահների տեղակայումը, փախստականների վերադարձը, ինչպես նաև տրանսպորտային միջանցքների երաշխավորումը մի կողմից՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, մյուս կողմից՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքների միջև: «Քաղաքական առումով Ռուսաստանը հեռու չի գնացել այն դիրքորոշումներից, որոնք սատարում էին Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Միակ բանը, որը տարբերվում է  այս ամբողջ ընթացքում ձեռք բերված համաձայնություններից, ռուս խաղաղապահներն են»,- հայտարարել է Քավանոն: Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը երկմտում էր սեփական խաղաղապահներին ուղարկելու անհրաժեշտության հարցում, բայց դա արեց այն ժամանակ, երբ իրավիճակը Հայաստանի համար կրիտիկական էր։