Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծում է, որ իշխանությունը շատ կոշտ ձևով կասեցնելու է հեղաշրջման ցանկացած փորձ, սակայն շեշտում է՝ եթե պետք է, գործող իշխանությունները կհեռանան, կընտրվի նոր իշխանություն: Տիգրան Ավինյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում:
«Ուզում եմ հիշեցնել, որ 90-ականներին, երբ Ադրբեջանում տեղի էին ունենում ներքաղաքական խմորումներ և խժդժություններ, հայոց բանակը բավականին էֆեկտիվ օգտագործեց այդ ներքաղաքական խնդիրները: Ես ուզում եմ վստահեցնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք այս ռազմական դրության պայմաններում փորձում են պղտոր ջրում ձուկ բռնել, որ այս հարցում որևէ տիպի հանդուրժողականություն և թավիշ չի լինելու: Հայաստանի Հանրապետությունը և մեր պետականությունը ամենից և բոլորի ամբիցիաներից վեր է: Այսինքն՝ մեր ներքաղաքական պրոցեսները՝ ով է մեղավոր, ով է պատասխանատու, դրա հերթն անպայման գալու է, դրա հերթը գալու է, եթե պետք է այս իշխանությունները գնալու են, ընտրվելու է նոր իշխանություն, բայց երբևէ հեղաշրջման փորձերը թույլ տալ, ես անձամբ և մեր թիմը չենք կարող։Այստեղ վստահեցնում եմ ձեզ՝ այսօրվա պաշտոնյան ծանր բեռի տակ է, որոշ դեպքերում կլինի դա ազատություն այդ պատասխանատվությունից»,- ասաց Ավինյանը:
Հարցին՝ հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է, Ավինյանը պատասխանեց. 《Ես նման վտանգ, այնուամենայնիվ, կոչերի մակարդակով լսել եմ, բայց ուզում եմ վստահեցնել, որ նման փորձերը շատ կոշտ ձևով են կասեցվելու»:
Փոխվարչապետը նաև հայտարարեց, որ ինքն անձամբ և բոլոր մյուս պաշտոնյաները, որոնք թերացել են այս ընթացքում պետք է խստագույն պատասխանատվության ենթարկվեն։
Ըստ Ավինյանի, այս որոշումը չի կայացվել հապճեպ, այլ կայացվել է բոլոր վտանգներն ու ռիսկերը գնահատելով:
«Պետք է գիտակցենք, որ այն ուժը, որին բանակը դիմակայել է, չի եղել միայն Ադրբեջանը, եղել է թուրքական հրամկազմը, բերված ահաբեկիչները, անթիվ-անսահման զինատեսակները, որոնք որ ուղղակի թափվել են Արցախի գլխին:
Սա միանշանակ այլ տրամաբանությամբ պատերազմ է եղել, և միանշանակսա ունեցել է իր ազդեցությունը մեր բանակի մարտուանկության, և մեր մոտ ծագած խնդիրների վրա:
Այն մարդիկ, որոնք եղել են առաջնագծում, կարող են հավաստել, որ նույնիսկ թուրք չեն տեսել, այսինքն, պատերազմն ընթացել է առանց տեսանելի թշնամու: Անընդհատ եղել են հրետանային ու հրթիռային հարվածների տակ, տեղեր են եղել, որ խրամատները հավասարեցվել են գետնին:
Այն մարդիկ, որոնք այս ճանապարհն անցել են, իրենք իրականում գիտեն ինչ է կատարվել, և ինչ պատերազմ է սա: Ոչ թե Երևանում ասֆալտային ֆիդայինները, որոնք որ խոսքերով թուրքեր կճղեն, ամեն ինչ էլ կջարդեն, կփշրեն»,-ասել է փոխվարչապետը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: