Ես հայտարարել եմ, որ նոյեմբերի 8-ին իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել, այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել 1992-1994 թվականներին: Այս մասին իր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Այն որոշումը, որ կայացվել է երեկ, չգիտեմ՝ պատմությունն ինչ գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել: Ինչո՞ւ: Նախ ռազմական վիճակի առումով, 43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, եւ ամենագլխավորը՝ Շուշին:
Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում, 2-3 կմ հեռավորության վրա: Եթե շարունակվեր այդ տեմպերով, օրերի ընթացքում կկորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք ավելի շատ զոհեր, քանի որ մարտական գործողությունները տեղափոխվելով ինչ-որ տեղ մեր առաջնագծի համար թիկունք, անդառնալի հետեւանքներ կունենային առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող մանավանդ մեր ժամկետային զինվորների մասով:
Չեմ ուզում նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանների առաջնագծում գտնվող զինվորների առումով: Ինչ-որ տեղ, շրջափակման մեծ հնարավորություններն կարող էին լինել:
Կարծես թե մի քանի օր մեզ հաջողվել էր պաշտպանվել մեր հակաօդային ուժերի առումով ԱԹՍ-ներից, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդին չգիտեմ նոր տեխնոլոգիաների, թե նոր ԱԹՍ-ների միջոցով հնարավորություն ունեցան նորից շատ մեծ վնասներ պատճառել մեր զորքին: Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել երեկ վերջին մի քանի ժամերի ընթացքում Մարտունու շրջանում եւ այդ բոլոր կորուստները անօդաչուներով:
Այդպես էլ մեզ չհաջողվեց, ինչու չհաջողվեց, մենք բոլորս այո, պատասխան ենք տալու, բոլորս, քանի որ մենք գիտեինք, որ ՊԲ-ն այդ կարիքն ուներ, այդ խնդիրն առկա էր: Բոլորս, ովքեր զբաղեցրել են պաշտոններ վերջին տասնամյակներում:
Ընդհանուր առմամբ, բանակի վիճակի առումով պետք է ապագայում, եւ համոզված եմ, որ գնահատականները լինելու են:
Զորքի բարոյահոգեբանական վիճակը շատ լավ չէր, ինչ-որ տեղ ծայրահեղ վատ կարելի է ասել: Զորքը թութքով, դիզինտերիայով, կովիդով հյուծված վիճակում 43 օր գտնվում էին առաջնագծում, չունեինք հնարավորություն փոխելու, հանգստանալու, բուժելու: Ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, հրետակոծություն: Եվ այդ ամենով կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետության ուժերի: Հաստատ մենք միայն Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտական գործողությունների ընթացքում: Թուրք զինվորականների մասնակցությունը եւս եղել է, ահաբեկիչների, վարձկանների դեմ կռում էր հայ կամավորն ու հայ զինվորը: Ես խոնարհվում եմ առաջին հերթին հայ զինվորների առջեւ, աշխարհի ամենահերոս տղերքն եղել մեր ժամկետային զինծառայողները, խոնարհվում եմ զոհերի հարազատների առջեւ:
Ստիպված էինք, որ այդ նույն ժամկետային զինծառայող զինվորների կյանքը փրկեինք: Իհարկե, կարող ենք ասել, թե ինչու ժամանակին տեղեկացված չէինք այդ վիճակից, կոչ եմ արել Աղդամից, հիշեցնելով, որ սիրելի հայրենակիցներ, ձեր կարիքն ունենք: Հոկտեմբերի28-ին Շուշիից, Ղազանչեցոց եկեղեցու առջեւ ասել եմ՝ Շուշին վտանգված է, հակառակորդը գտնվում էր 5 կմ հեռավորության վրա: Վիճում էին՝ Շուշին մեջ ձեռքին է, թե ոչ, բայց մենք Շուշիի նկատմամբ հիմնական վերահսկողությունը կորցրել էինք նոյեմբերի 5-ից, բայց ամբողջությամբ նոյեմբերի 7-ից: Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ: Չէինք ուզում հավատալ, որ անհնարին էր արդեն կռվել այն եղած մարդկային ու զինտեխնիկայի ռեսուրսներով, որը կար:
Շատ երկար փորձում էինք բանակցության սեղանի շուրջ քննարկել ու կանգնեցնել պատերազմը: Բայց դա հնարավոր չէր:
Կողմ էի, որովհետեւ հուսահատված չէի: Եթե հուսահատված լինեի, կմտածեի շարունակել կռիվը կյանքի գնով՝ հասկանալով, որ պարտվելու եւ կորցնելու ենք Արցախը:
Հիմա ամեն ինչ առջեւում է, Արցախը, Հայաստանը, հայ ազգը, շատ ծանր օրեր ենք ունեցել, բայց կարողացել ենք ինչ-որ տեղ իմաստուն որոշումներ կայացնել, հետագայում ճիշտ ճանապարհով ընթանալ եւ հաջողություններ արձանագրել: Իսկ ո՞վ է ասում, որ դրանով ավարտվում է ամեն ինչ: Դրանով սկսվում է: Մենք ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք, դրա համար մեզ պետք է համերաշխություն: Համերաշխություն առաջին հերթին Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ: Ամենամեծ մեր հակառակորդը եղել է խպառակտումն ու խուճապը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: