«Եկանք մի կետի, երբ բանակը հարց դրեց քաղաքական ղեկավարության առաջ՝ այս խնդիրը րոպե առաջ պետք է լուծել»

146

Պատերազմից առաջ դրանից խուսափելու մեկ հնարավորություն կար՝ տարածքների հանձնում առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ՝  անդրադառնալով  պատերազմը դադարեցնելու համաձայնությանը:

«Սա, ըստ էության, եղել է բանակցային այն ժառանգությունը, որը մեր կառավարությունը ստացել է: Ընդ որում, բանակցային գործընթացում այդ իրավիճակը այնքան երկար էր ձգվել… Բանակցային գործընթացում հստակ է եղել մի բան, որ 7 շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին: Սա բանակցային գործընթացի միակ ձևակերպումն է եղել, և 1994 թվականից սկսած բոլոր հնարավոր բանակցություններում այդ դրույթը առկա է եղել: Մնացած որևէ բան որոշակի չի եղել:

Օրինակ, գրված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում, որի շուրջ եղել է քննարկում 25 տարի: Շատ լավ, բայց դա ի՞նչ է նշանակում: Ադրբեջանն էլ ասել է, շատ լավ, քանի որ կա տարածքային ամբողջականության սկզբունքը, ուրեմն ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության շրջանակում պետք է կատարվի: Այս ընթացքում եղել են բանաձևեր, հայկական կողմը ասել է՝ ես համաձայն չեմ, Ադրբեջանն իր մեկնաբանությունն է տվել: Բանակցությունների 25 տարվա ընթացքում չենք կարողացել այս թեզը ճշգրտել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, այդ ընթացքում Ադրբեջանը ֆինանսական և ռազմական կարողություններ է ձեռք բերել, քայլ-քայլ.… ըստ էության Ղարաբաղին դուրս են մղել բանակցություններից: Նա ընդգծեց, որ բանակցային գործընթացում կոնկրետ, շոշափելի եղել է մի բան, տարածքները հանձնվեն Ադրբեջանին:

«Սեղանին դրված բանակցային փաստաթղթերը սկսել են հետևյալով՝ յոթ շրջանների վերադարձն Ադրբեջանին: Եվ մենք անընդհատ այս բազայի վրա ենք հիմնվել: Կարգավիճակի թեզը չենք կարողացել դարձնել մեկնաբանելի: Արցախի կարգավիճակի մասին նշումը դարձել է տարածական: Միակ բանը, որը չի վիճարկվել, ու եղել է առարկայական՝ տարածքների հանձնում է:

Մենք բանակցային գործընթացը ժառանգել ենք մի կետում, երբ այդ դրույթը եղել է առաջնահերթություն: Անընդհատ խուսանավելով, այս կողմ այն կողմ տանելով, հայկական կողմն այդ հարցը հետաձգել է: Բանակցություններում հստակ դրված գործը կարելի է ձգձգել 10, 15, 20 տարի, բայց ի վերջո, գալիս է պահը, երբ ձևավորվում է մի իրավիճակ, որ միջազգային հանրությունն ունի կոնսենսուս, քանի որ Ղարաբաղի ստատուսի ճշգրտման հարցը շատ տարածական է, և մենք սեղանին ունենք մի կոնկրետ հարց՝ տարածքի հանձնում:

Նշվում է՝ եկեք դա լուծենք, հետո կանցնենք մնացած հարցերին: 2018 թվականից առաջ, 2016 թվականին սա արդեն ծայրահեղ անհրաժեշտություն էր: Այդ պատերազմը սկսվեց, կանգ առավ ինչ պայմանով, հենց այդ պայմանով: Այդ փորձը արդեն այլևս թույլ չէր տալիս, որ պատերազմը սկսվեր ու կանգներ այն պայմանով, թե տեսնենք ինչքան կձգենք: Ձգելու հնարավորություն որևէ մեկը չի ուզում տալ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, պատերազմից առաջ փորձել են բանակցային տրամաբանությունը փոխել, չհանձնվել և Արցախի ինքնորոշման իրավունքը, կարգավիճակի ճշգրտումը հասցնել որոշակիության: Այս պայքարն է, որ բերել է ի վերջո պատերազմի:

«Մենք գիտեինք, որ պատերազմ է սպասվում և պատրաստվում էինք Ադրբեջանի դեմ պատերազմի: 2020 թվականի հուլիսը ցույց տվեց, որ մեր զինված ուժերը պատրաստ են Ադրբեջանի դեմ պատերազմին: Ադրբեջանն ինքն էլ տեսավ, որ իր զինված ուժերով չի կարող հաջողություն ունենալ: Տեղի ունեցավ այն ինչի մասին խոսվել է: Թուրքիան ներգրավվելով այս գործում, վարձկաների բերելով, ըստ էության, ստեղծեց մի վիճակ, երբ հայկական բանակը կռվում է մի անգամից երեք ուժի դեմ:

Մեր բանակը կռվեց հերոսաբար, զինվորները կռվեցին անձնուրաց, հերոսության աննկարագրելի օրինակներ ցույց տվեցին, բայց մենք եկանք մի կետի, երբ բանակը հարց դրեց քաղաքական ղեկավարության առաջ, որ այս խնդիրը րոպե առաջ պետք է լուծել, նաև Արցախի ղեկավարությունը այդ խնդիրը դրեց՝ արձանագրելով, որ հակառակ դեպքում հետևանքները կլինեին շատ ավելի ծանր: Այս տանջալի իրավիճակում կայացվել է այդ որոշումը»,-հավելել է նա: