«Ինձ թվում է՝ վաղը կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»

169
Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին ռազմական գործողություններ են տեղի ունենում Շուշիի ներսում և շրջակայքում: Այս մասին հանրային ՀԸ եթերում «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, մեր զորքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու և որոշ դիրքեր, որտեղ որ արդեն հայտնվել են ադրբեջանական կամ վարձկան ուժերը, դրանց չեզոքացնելու և լիարժեք մեր ձեռքը վերադարձնելու ուղղությամբ:

«Հիմա բարդ է ասել՝ թե ով է վերահսկում Շուշին: Վաղ առավոտից և ամբողջ ցերեկ համառ մարտեր են եղել և հստակ ասել, թե ումն է այս պահին նախաձեռնությունը, դժվար է ասել: Իրենք երեկ ցերեկը և գիշերը սկսել էին մեծ խմբերով ներթափանցել քաղաք և մերոնք կատարելով վերախմբավորում, անցել են հակառակ գործողություն: Շուշիում չկա կողմ, ով ունի լիարժեք վերահսկողություն և լիարժեք նախաձեռնողականություն քաղաքի և շրջակա տարածքների նկատմամբ»,-ասաց Պն ներկայացուցիչը:

Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանցիները չէին պատկերացնում, որ մենք համառ դիմադրություն կցուցաբերենք Շուշիի համար:

«Շուշիի վերասբերյալ վաղաժամ գնահատականներ չտանք ոչ լավատեսական, ոչ առավել ևս վատատեսական, ուղղակի վստահենք ու հավատանք մեր զորքին, որն ամբողջ օրը համառ ու գրագետ պայքար է մղել բոլոր զորատեսակներով: Կարելի է ասել, որ Շուշիի համար առանձին ճակատամարտը, որը 3-4 օր անդադար ընթանում է տարբեր փուլերով, վաղը վերջնական պարզ կլինի: Վաղաժամ ոչ մի հստակ գնահատական չեմ ուզում տալ, քանի որ իրավիճակը շատ արագ փոխվում է: Ենթադրում եմ, որ վաղը Շուշիի համար ճակատամարտը կավարտվի»,- ասաց Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, որ Ալիևը հայտարարեց, որ Շուշին գրավել են, իսկ Էրդողանը շնորհավորեց, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ Ալիևն այս ամբողջ ընթացքում շատ ու շատ բնակավայրեր էր հայտարարել, որ վերցրել են, բայց այդպես չէ:

«Առնվազն շատ դեպքերում շատ ավելի շուտ էր հայտարարում, քան դա լինում էր և որոշ բաներ էլ հայտարարում է, բայց դա այդպես չէ: Ես չէի ուզենա, որ մեր հասարակությունը հենվեր Ալիևի հայտարարությունների վրա»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը: