Վարդգես Գասպարին Մարտի մեկի գործով դատապարտված այն երկու տասնյակից ավելի ընդդիմադիրներից է, ում նախկին իշխանությունները մեղադրեցին ու բանտ գցեցին, իսկ ներկաները արդարացրեցին: Վճռաբեկ դատարանը, մեկ վարույթում քննելով Գասպարիի պաշտպանի և դատախազության ներկայացրած բողոքները, օրերս Գասպարիին արդարացնող որոշում ընդունեց, արձանագրելով նրա արդար դատաքննության իրավունքի խախտումը:
Գասպարիի վրա «հերթապահ» հոդված էին դրել, որով Մարտի մեկից հետո շատերին դատեցին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մաս, «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»։ Ընդդիմադիր գործիչը ազատազրկման մեկ տարին նստեց, ինչպես ասում են՝ «զանգից զանգ»:
Նրա դեմ վկայությունները նույնպես հերթապահ բնութի էին: Մի ցուցմունք գրող կար՝ ոստիկան Էդգար Պետրոսյանը, որը որպես վկա անցնում էր մի քանի քաղբանտարկյալների գործերով: Դատարանում ասել էր, որ Վարդգես Գասպարին չի ենթարկվել իր և մյուս ոստիկանի պահանջներին՝ հեռանալ Ազատության Հրապարակից, և քաշքշել ու հարվածել է իրեն: Սակայն նա չէր հիշում անգամ իր ոստիկան-ղեկավարների անունները: Ամնեզիան ևս Մարտի մեկի գործերով քաղբանտարկյալների դեմ վկայություն տվողների սովորական վիճակն էր:
«Հետագայում Էդգար Պետրոսյանը պաշտոնի բարձրացում ստացավ, նրան քննիչ նշանակեցին, ապա կաշառքի վրա բռնվեց ու մի քանի տարվա ազատազրկման դատապարտվեց», — պատմում է Գասպարիի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:
Դատավարության օրերին նա տեղեկություն էր ստացել, որ վկան ազգակցական կապ ունի դատավոր Արշակ Պետրոսյանի հետ, որ նրանց ազգանունների նույնությունը պատահական չէ: Երկուսն էլ ծնունդով Կապանից են: Շուշանյանն այս մասին հայտարարել էր դատարանում դատավոր Պետրոսյանի ինքնաբացարկը պահանջելով: «Արշակ Պետրոսյանը ժպտալով պատասխանեց, որ իրենք ազգական չեն: Սակայն տարիներ անց, Կապանի մի բանկչից հավաստիացում ստացա, որ դատավորն ու ոստիկանն, իրոք, ազգակցական կապ ունեն», — պատմում է փաստաբանը:
Մինչ օրս Մուշեղ Շուշանյանը մանրամասն հիշում է ապացույցները, որոնք ի հայտ էին բերում, որ մեղադրանքը շինծու է և որոնք դատավոր Արշակ Պետրոսյանը թույլ չէր տալիս դրանք ներկայացնել: Զավեշտալի չ՞ի, որ նույն մարմինը՝ դատախազությունը, մեկ այսպիսի գործ է սարքում ու «կառավարում», իսկ հետո էլ բողոք է բերում վճռաբեկ դատարան իր իսկ կայացրած որոշման դեմ: «Զավեշտալի չէր լինի, եթե կեղծ մեղադրանքի հեղինակներն ու այն դակող դատավորները պատասխանատվության ենթարկվեին: Այդ դեպքում դատախազության բողոքը տրամաբանական կլիներ: Բայց ոչ ոք այդ գործերով պատասխանատվության չի ենթարկվել: Սա ձեռառնոցի է», — ասում է Մուշեղ Շուշանյանը Forrights.am-ին պատասխանելով:
Գասպարիի դատավարության որոշ դրվագներ այսօր սարսափ երազ են հիշեցնում: Կալանավայրում նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների դեպքեր էին եղել: ՄԻԵԴ երկու վճիռ կա նրա գործով:
Ճնշումներում օգտագործել էին Վարդգեսի խցակիցներին: Բոլորի նկատմամբ էլ այդ մեթոդը կիրառվում էր՝ քրեականներին տրամադրել Մարտի 1-ի գործով կալանավորների դեմ: Վարդգես Գասպարիին տեղափոխել էին այլ խուց, Արթիկի բերդ, որտեղ նրան ֆիզիկապես ոչնչացնելու փորձ էր կատարվել: Ի տարբերություն մյուս կալանավորների, Գասպարին դատարանում բարձրաձայնում էր բերդում իր հետ կատարվածը: Ի պատասխան Արշակ Պետրոսյանից հորդոր էր ստացել՝ մեմուարներ մի գրեք:
Դատախազությունից մեղադրանքը այս գործով ներկայացրել են նախ՝ Արամ Ամիրզադյանը, ապա դատախազության «ծանր հրետանին»՝ դատախազ Կորյուն Փիլոյանը: «Նրանց թվում էր, Գասպարիի գործն արագ ավարտելու են, սակայն անսպասելիորեն իրենց համար բարդություններ առաջացան, ու տեսնելով, որ գործը ըստ ծրագրվածի չի ընթանում, Վարդգեսի ու իմ դեմ սանկցիաներ կիրառեցին», — հիշում է Մուշեղ Շուշանյանը: Նրա դեմ քրեական գործ հարուցվեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, նրան զրկեցին արտոնագրից: Հետագայում սակայն Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց այդ հոդվածը:
Հիշում է Վարգես Գասպարին. «Դատական վերջին նիստի ժամանակ Շուշանյանը պահանջեց «Ա-1 պլյուսի» տեսագրությունը ներկայացնել, որից երևում էր, որ իմ դեմ ցուցմունք գրող ոստիկանը ինձ չի ուղեկցել, ինչպես պնդում էր, որ ուղեկցողները բոլորովին այլ մարդիկ են եղել: Դատավորը մերժեց այդ միջնորդությունը: Շուշանյանն ուզեց թողնի գնա, բայց կարգադրիչները թույլ չտվեցին: Նրանք Կորյուն Փիլոյանի դրդմամբ բռնել էին Մուշեղի ձեքերը ու չէին թղնում, որ նա դուրս գա, իսկ դատավորը արագ կարդում էր այն, ինչ պետք է ասեր, որ շուտ ավարտի գործը»:
«Հիմա դատական համակարգը գործադիրի կցորդ չի այլևս, — դեպքերից 10 տարի անց գնահատում է Վարդգես Գասպարին, — գործադիրից կարգադրություններ չեն արվում դատարանին, սակայն ազդեցության մյուս միջոցները չեն վերացել՝ նախկին կապերը, որոնք եղել են ուժային կենտրոնների հետ, վարչական, և այլն, նրանց հետ, ովքեր իրենց դատավոր են նշանակել: Կա փոխհատուցումների մեխանիզմ՝ ես այն ժամանակ այս ինչ խնդիրը լուծել եմ, և դու ինձ պարտք ես, և այլն: Մենք չունենք երաշխիքներ որ այդ ազդեցությունները վերացել են»:
Ի՞նչ պետք է անել, պատժե՞լ դատավորներին: «Այս դատավորները պետք է խոսեն, իրենց կարծիքը հայտնեն այդ դեպքերի վերաբերյալ», — պատասխանեց նախկին քաղբանտարկյալը:
— Բայց նրանք չեն ցանկանա այդ մասին խոսել, պետական պարտադրա՞նք պետք է լինի նրանց պատասխանատվության ենթարկելու:
— Ոչ, պետական պարտադրանքը կլինի միջամտություն դատական համակարգին: Հանրային ազդեցություն է պետք: Հանրության ավելի մեծ շրջանակներ պետք է պահանջատեր դառնան:
Հ.Գ. Գասպարիի գործը այն ժամանակվա դատախազությունը տապալում համարեց: Դատավոր Արշակ Պետրոսյանին Կենտրոն-Նորք Մարաշի դատարանից «աքսորեցին» Նոր Նորքի դատարան, իսկ հետագայում էլ նա դարձավ քաղգործեր քննող դատավոր: Նրան հանձնարարվեց մի ոլորտ, որի հետ նա նախկինում կապ չէր ունեցել:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: