Իրավիճակն առաջնագծում․ ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում

136

Արցախի ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը մարտական գործողությունները շարունակվել են: Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ:

«Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը: Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում ՊԲ ուժերի կողմից խոցվել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ:

Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումների հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ»,-նշել են Արցախի ՊՆ-ից: