Անհասկանալի է, թե ինչ էին մտածում Բաքվում զինյալներին Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավելիս, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի համար:
Այս մասին նոյեմբերի 5-ին Հայաստանի Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարի խոսքով` Արցախում հայրենակիցներն ու հայ ժողովուրդը կռվում են փաստացի երեք թշնամու` Թուրքիայի, վարձկան ահաբեկիչների եւ Ադրբեջանի հետ:
«Ահաբեկիչների հայտնվելը մեր տարածաշրջանում մարտահրավեր է շատ ավելի մեծ համատեքստում եւ` ոչ միայն մեզ համար: Հետեւանքներն իսկապես լուրջ են»,- ասաց Մնացականյանը:
Գրոհայինները, շեշտեց ԱԳՆ ղեկավարը, սպառնում են շատ երկրներին, ոչ միայն` Հայաստանի անմիջական հարեւաններին:
Մնացականյանը նշեց նաեւ, որ ներկայումս նախարարության հիմնական գործողություններից է ահաբեկչության դեմ պայքարը: Արտաքին գործերի նախարարությունը բարձրացնում է այս հարցը նաեւ այլ երկրների գործընկերների հետ շփումներում:
Շուտով նա հույս ունի ավելի մանրամասն խոսել այս թեմայի շուրջ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: