ՀՀ ոստիկանները Արցախից բերված ռազմամթերք են հայտնաբերել

156

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 2-ին կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա։ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ սրահում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» գնդացիր ու երկու պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի ընդհանուր 75 փամփուշտով, ինչպես և տարբեր տրամաչափի 317 փամփուշտ։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։

Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները՝  Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։

Մեկ այլ տեղեկատվության համաձայն, ՀՀ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արցախից վերադարձած անձանց խուզարկությամբ ու մեքենաների զննությամբ հայտնաբերել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացան, սաղավարտ, զրահաբաճկոններ, սվին-դանակներ, գնդացրի և ինքնաձիգի ընդհանուր 15 փամփշտատուփ, գնդացրի և ինքնաձիգի ընդհանուր 700-ից ավելի փամփուշտ և այլն։

«Հարգելի քաղաքացիներ, կրկին հիշեցնենք, որ այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են շուրջօրյա հսկողությունը զենք-զինամթերքը Արցախից Հայաստան ապօրինի կերպով տեղափոխելու դեպքերը բացառելու ուղղությամբ։  Զուգահեռ տարվում է նաև բացատրական աշխատանք»,-ասված է հաղորդագրության մեջ։