Արդեն 38 օր Հանրապետության հրապարակի այգին ոչ միայն որպես զբոսավայր է ծառայում, այլև առաջնագծում ծառայող զինվորականների և Արցախի բնակչություն համար առաջին անհրաժեշտության պարագաների, հագուստի և դեղորայքի հավաքագրման վայր։

Սեպտեմբերի 27-ից ի վեր մի խումբ երիտասարդներ Խաչքարերի պուրակում ոչ միայն կամավոր աշխատում են, այլև քնում և արթնանում արկղերից պատրաստված «մահճակալներին»։ Չեն դժգոհում՝ նպատակն արդարացնում է անհարմարությունները։

Միտքը ծագել է հենց պատերազմի առաջին օրը։ Երեք ընկերներով որոշել են հնարավորինս օգտակար լինել թիկունքին։ Գաղափարը հավանել են, հաշված ժամերի ընթացքում խումբը մեծացել է և այսօր տասնյակ կամավորներ են նախաձեռնությանն օժանդակում։

Նախաձեռնության համահիմնադիր Արմանին գտանք տեղադրված վրաններից մեկում՝ բերված սնունդը համապատասխան արկղերի մեջ տեսակավորելիս։ Ծիծաղում է՝ այսօր իր հերթապահության օրն է, մյուսներին ուղարկել է մի քիչ հանգստանալու։

Ցույց տալու այգու երկայնքով դրված զանազան արկղերը, Արմանը պատմում է՝ քաղաքացիները սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ և դեղորայք են բերում այստեղ, իրենք էլ դրանք դասավորում են ու փորձում հավասարապես բաժանել առաջնագծի տղաների և Արցախից Հայաստան ժամանակ քաղաքացիների միջև․

«Եթե անկեղծ, չէինք սպասում նման մեծ արձագանքի։ Միայն առաջին օրերին Պաշտպանության նախարարությանն ուղարկել ենք մոտ 20 տոննա ալյուր և քաղցրավենիքով բեռնված 11 բեռնատար: Այո՛, թեև մեր բանակը սրա կարիքը չունի, բայց էստեղից գնացող սերն ու ջերմությունը, ամեն ինչ արժեն, բացի այդ՝ քաղցրավենիքն ու ծխախոտը երբեք շատ չեն լինում»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Արմանը։

Հավաքագրված սննդի մեջ առաջինն առանձնացնում են զինվորների համար փաթեթավորված քաղցրավենիքները։ Դրանցից յուրաքանչյուրը մի որևէ հետաքրքիր և յուրօրինակ գրվածքով է առանձնանում՝ «Տղես, որ քնես, ծածկվի՝ չմրսես», «Խոստացի, որ գալու ես», «Հետ արի, որ Օպերայի արձանի մոտ քեզ եմ սպասում (հեռախոսահամարս հետևում գրված ա)»․․․

«Բոլորս էլ ծառայել ենք, գիտենք, թե նման թեկուզ մի բառն էլ ինչքան ուժ ու «դուխ» ա տալիս։ Այդ երկտողերով յուրաքանչյուր քաղցրավենիք առանձնացնում ենք զինվորների համար նախատեսված արկղերում, ինչից հետո սկսում անհատական կապոցներ սարքել։ Դրանց մեջ դնում ենք առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներ, քաղցրավենիք, սնիկերսներ (ժպտում է-խմբ․), տակ շարֆեր ու գլխարկներ»։

«Հրապարակի կամավորները», ինչպես իրենց են անվանում նախաձեռնության անդամները, հայտարարում են՝ նախաձեռնությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրենց մոտ ունեն անհրաժեշտ պարագաները, որոնք օր օրի ավելանում են։ Արմանի խոսքով՝ օգնություն են ստանում աշխարհի տարբեր ծայրերից, իրենց կողքին են դերասաններ, երգիչներ, հասարակական գործիչներ․

«Սեպտեմբերի 27-ից մինչ օրս 850-ից ավել արցախցի ընտանիքի սնունդ, հագուստ, տաք ծածկոցներ ու դեղորայք ենք տրամադրել, հոսպիտալներին 4 անվասալյակով օգնել, էլ չեմ նշում առաջնագիծ ուղարկված ծանրոցների մասին։ Մեզ դիմած յուրաքանչյուրի համար փորձում ենք անել այն, ինչ մեր կարողությունների սահմանում է։ Նշեմ նաև, որ մեր նախաձեռնությունը համաձայնեցված ա Երևանի քաղաքապետարանի և Պաշտպանության նախարարության հետ։ Ամեն ինչ՝ Հայաստանի ու Արցախի թիկունքի ամրության համար»։

Առաջին օգնության ապրանքների հավաքագրումը շարունակվում է նաև հիմա։ Նախաձեռնության անդամները խնդրում են հրապարակի մետրոյի հարևանության այգի մոտեցնել չփչացող սնունդ, հիգիենայի պարագաներ, տաք ծածկոցներ և անհրաժեշտ դեղորայք․

«Ինչ էլ անի թշնամին, մեր միասնականությանն ու ուժը կոտրել չի կարող։ Հաղթելու ենք»։

Ռոզա Վարդանյան

Լուսանկարը և տեսանյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest