Անցյալ շաբաթ սոսկալի միջադեպ գրանցվեց Չեխովի անվան 55-րդ դպրոցում, որը, թերևս, կարող է համեմատվել միայն  Մանվելի տուշոնկաների պատմության հետ: Թալանվեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղարկելու համար հավաքված գումարները: Այս մասին սոցցանցում բարձրաձայնել է ծնողներից մեկը, որը իր իրական անունը մինչ օրս չի հայտնել։

«Ծնողների մեծ մասը ցանկացել է գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, — գրում է նա, — սակայն դպրոցի տնօրեն տիկին Գայանե Սարուխանյանը խոչընդոտել է եւ առաջարկել գումարը ծրարներով գցել արկղիկի մեջ։ Արկղիկ կոչվածը, իհարկե, տեսախցիկների հսկողության տակ չի եղել, առհասարակ տեսախցիկները միայն դրսում են տեսանկարահանում։ Տիկին Գայանեն այնքան բարի է գտնվել, որ առաջարկել է նաեւ առանձին գումար հավաքել՝ զինվորի իմունիտետը բարձրացնող մեղր ու պոպոք գնելու համար։ Բանն այն է, որ տիկինն իր հայրենի քաղաք Վանաձորում ունի ընտանեկան բիզնես հանդիսացող մեղվաբուծարան»,- գրել է ծնողը։

Նա հրապարակել է ծնողների նվիրաբերած գումարեների ցուցակը և հիմնադրամին փոխանցված 4 մլն դրամի անդորագիրը, ինչից պարզ է դառնում, որ ցուցակում նշված գումարենրից պակասել է 601 հազար դրամ: Ծնողը, որն իրեն անվանում է Ռեգինա Պրազյան, շեշտում է, որ 50 հատ 100-200 գրամանոց մեղր են գնել տիկին Գայանեի մեղվաբուծարանից, իսկ որոշ հարուստ ծնողներ տվել են գումարը եւ չեն էլ ցանկացել, որ գրանցեն։

Նա սոցցանցի միջոցով հայտնել է նաև, որ ոստիկանները ձերբակալել են դպրոցի պահակին՝ Գարիկ Թորոսյանին, որը  նաև տնօրենի վարորդն է: Այլ տեղեկություններով, խոսքը անվտանգության աշխատակցի մասին է, որը գործակալության, ոչ թե դպրոցի աշխատակից է: Ոստիկանոթյունից սակայն հերքեցին, որևէ անձ չի ձերբակալվել: Հասարակության հետ կապերի բաժնից հայտնում են. «Դեռ նյութերի նախապատրաստման փուլն է»:

Forrights.am-ին հայտնի դարձավ, որ դեպքի շուրջ բարձրացված աղմուկը պատճառ է դարձել, որ որոշ ծնողներ իրենց երեխաներին Չեխովի անվան դպրոցից տեղափոխեն այլ կրթօջախ:

Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը չցանկացավ պատասխանել իրեն ուղղված մեղադրական ակնարկներին: Forrights.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դպրոցի շուրջ աղմուկին տեղյակ է: «Չեմ ուզում որևէ պարզաբանում տալ, որովհետև գործով զբաղվում են իրավապահները: Հույս ունեմ, որ կբացահայտեն ու կփակեն բոլոր բերանները», — ասաց դպրոցի տնօրենը:

Գարիկի և մեղվաբուծարանի  մասին էլ չցանկացավ խոսել:

— Ձեր վարո՞րդն է Գարիկը:

— Եկեք, չպարզաբանեմ: Մի քիչ խնայողաբար մոտեցեք իրավիճակին:

— Դուք ունե՞ք մեղվաբուծարան, ասե՞լ եք, որ զինվորների համար մեղր գնեն: Սրանք հստակ մեղադրանքներ են:

— Իմ անելիքի համար անհոգ եղեք: Երբ որ պահը կգա, ես ինչ-որ կհամարեմ անհրաժեշտ, կանեմ:

— Որքան իմացա, արդեն որոշ ծնողներ հանե՞լ են իրենց երեխաներին դպրոցից միջադեպի պատճառով:

— Միայն մի երեխա են հանել դպրոցից այս ընթացքում: Որևէ գնահատական դրան էլ չեմ կարող տալ: Դրդապատճառը չգիտեմ:

— Ռեգինա Պրազյան անունով ծնող ունե՞ք:

— Ոչ:

Մենք կապվեցինք նաև Սիրանուշ Բիլբուլյանի հետ, որի երեխան սովորում էր Չեխովի անվան դպրոցում, և որը զինվորի փողը թալանելու մասին բացահայտ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջին, իսկ հաջորդ օրը երեխային այլ դպրոց է տեղափոխել:

«Հաջորդ օրը դասղեկին նամակ եմ գրել, որ հանում եմ որդուս, որովհետև նման բարոյական արժեքներով “կրթօջախում” չեմ պատկերացնում որդուս հետագա ուսուցումը: Հոգեբանորեն ես դա թույլ տալ չէի կարող: Կարծում եմ, որ երեխաներիս արդարության դասեր եմ տալիս, ոչ միայն խոսքով, այլև գործով», — ասաց Սիրանուշ Բիլբուլյանը մեզ հետ հեռախոսազրույցոմ:

Հարցին, թե կան արդյոք այլ ծնողներ, որոնք տեղափոխել են երեխաներին, նա պատասխանեց. «Անկեղծ ասած չգիտեմ, նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Բայց շատ լավ կլիներ, որ նման շարժում լիներ: Կամ տնօրենը, կամ մեր երեխաները»:

Կրթության նախարարությունից որևէ հետազոտություն դեպքի առնչությամբ չեն կատարել: ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Օֆելյա Կամավոսյանը Forrights.am-ին հայտնեց, որ 55-րդ դպրոցը քաղաքապետարանի ենթակայության է: Սակայն նախարարությունը ահազանգել է դեպքի կապակցությամբ ոստիկանությանը: 

«Առաջին պահից նախարարությունը տեղյակ է և զբաղվում է, դրա համար էլ գործը ոստիկանությունում է:Նախարարությունը հատկապես այս օրերին ոչ միայն խստորեն դատապարտելի է համարում նման քայլերը, այլև մեղքն ապացուցվելու դեպքում դա կարելի է հավասարազոր համարել դավաճանության», — ասաց խոսնակը։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest