Հադրութ քաղաքի բնակիչ, Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում գերեվարված 85-ամյա Եվգենիա Բաբայանը պատմել է Բաքվում անցկացրած օրերի ընթացքում իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին: 

ՀՀ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որում Բաբայանը պատմում է Բաքվի ոստիկանական բաժանմունքներում անցկացրած օրերի մասին:

«Հոկտեմբերի 15-ի, լույս 16-ի գիշերը ռմբակոծության պատճառով գիշերել եմ իմ տան նկուղում, որը ծառայում է, որպես ապաստարան` պատերը հաստ են: Առավոտյան դուրս եմ եկել ապաստարանից, որպեսզի հավերիս կերակրեմ: Հենց այդ պահին նկատեցի, որ տղամարդկանց ձայներ են մոտենում տանը: Մտածեցի որդիս` Սուրենն է եկել տուն: Այդ պահին տան դուռը բացվեց ու ադրբեջաներեն լեզվով խոսող շուրջ 10 զինվորականներ ներխուժեցին մեր տուն: Տեսնելով նրանց, վախեցա ու վայր ընկա: Այդ պահին ադրբեջաներեն խոսող զինվորականները մոտեցան ինձ, ձեռքիցս քաշեցին, բարձրացրին և ասացին, որ ինձ Բաքու են տանելու: Ես ընդդիմացա, ասացի, որ մեծ տարիքով կին եմ, սա իմ տունն է, ուզում եմ այստեղ մնալ, թողեք ինձ իմ տանը, սակայն նշված զինվորականներն ասացին, որ պետք է տանեն, որից հետո ձեռքերիցս քարշ տվեցին, տարան և նստեցրին իրենց ավտոմեքենան: Դրանից հետո ինձ տարել են Ադրբեջանի Բաքու քաղաք, որտեղ երեք ոստիկանական կետերի հետ եմ շփվել: Ինձ շատ վատ են վերաբերվել, կարծես կենդանու, շան տեղ դրած լինեին»,- նշում է Բաբայանը:

Կինը պատմում է, որ երբ թեյ կամ ջուր է խնդրել, իրեն մի փոքր թեյ են տվել և շաքարի մի կտոր գցել դիմացը, ինչից կինը հրաժարվել է, նշելով, որ մարդ է, ոչ թե շուն:

«Դրանից հետո ինձ տեղափոխեցին երկրորդ ոստիկանական կետը, որտեղի աշխատակիցներն ինձ ստիպում էին, որ ես ասեմ` Փաշինյանը լավը չէ, ինքն է սարքել այս կռիվը: Ասում էին, որ ինքն է մեղավոր, ես էլ ասում էի, որ Հադրութն իրենցը չէ, այլ մերն է: Իրենք ինձ տեսախցիկներով նկարում էին, հարցեր էին տալիս, ես իրենց ասածով պատասխանում էի: Դրանից հետո ինձ տարան երրորդ ոստիկանական կետը, որտեղ երկու հայ կային` մեկը երիտասարդ տղա էր` քաղաքացիական հագուստով, մյուսը` տարիքով մեծ էր: Երիտասարդին կապկպել էին` ձեռքերը, ոտքերը, փակել էին աչքերը, գցել էին մի անկյուն և հերթով ոտքով հարվածում էին: Տարիքով մեծ հայի ձեռքերը կոտրտված էին և նա ուղղակի նստած էր»,- ասում է արցախցի կինը:

Բաբայանը նշում է, որ իրեն հաջորդ օրը հայտնել են, որ երկու հայերին սպանել են ու մորթել:

«Նշված երեք բաժանմունքներից յուրաքանչյուրում ես մեկական օր եմ մնացել: Երիտասարդ հայը, որի մասին նշեցի, հագին կար կապույտ գույնի քաղաքացիական վերնաշապիկ, ոտաբոբիկ էր: Երրորդ օրը, երբ ինձ հանեցին բաժնից, հայ երիտասարդին գցել էին պարկի մեջ և քարշ տալով տարան ու գցեցին ավտոմեքենան, իսկ մյուս տղամարդուն և ինձ նստեցրին ավտոմեքենան, որից հետո ինձ տարան Բաքվի հիվանդանոց, իսկ նշված երկու հայերին տարան ինձ անհայտ ուղղությամբ: Հետո ինձ ասացին, որ այդ երկու հայերին իրենք մորթել են, վզները կտրել ու սպանել են»,- նշում է Բաբայանը:

85-ամյա Եվգենիա Բաբայանը Բաքվի հիվանդանոցում մնացել է 10 օր, որտեղ իրեն այցելել են Կարմիր խաչի աշխատակիցները, հագուստ են տվել և այլ իրեր: Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերի 28-ին իրեն Բաքվից տարել են Վրաստան, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենայով բերել Հայաստան:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest