ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն, ի պատասխան Թուրքիայի Պաշտպանության նախարարության պնդումներին, նշել է, որ Հայաստանը և Արցախը, ի տարբերություն երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ և սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությունը: Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը»,- գրել է Նաղդալյանը:

ԱԳՆ-ն նշում է, որ հայկական կողմը հանդես է գալիս Հարավային Կովկասից միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անհապաղ հեռացման և տարածաշրջանի հետագա ապակայունացմանն ուղղված Թուրքիայի գործողությունները վճռականորեն մերժելու դիրքերից:

Խստորեն դատապարտում ենք ահաբեկչություն հովանավորող երկրներ Թուրքիայի և Ադրբեջանի՝ իրենց երկրները միջազգային ահաբեկչության կենտրոն դարձնելու և այդ ժանտախտը տարածաշրջանով սփռելու համատեղ ջանքերը, որոնց դիմակայումն անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանային անվտանգությամբ շահագրգիռ բոլոր ուժերի սերտ համագործակցությունը: Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ»,- ասված է հայտարարությունում:

Pin It on Pinterest