«Չենք գնում, որ տղերքն իմանան, թե ինչի համար են կռվում». Նռնաձորում ոչ մի բացակա ընտանիք չկա

150

«Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել Հայաստան հարավ-արեւելյան ուղղությամբ վերջին եւ պատերզմի թիկունքում գտնվող առաջին գյուղի՝ Նռնաձորի մասին: Այս գյուղում մարդիկ առաջինն են լսում հրետակոծությունների ձայները, անօդաչուների ներկայությունը:

Գյուղի բնակիչներից մի երիտասարդ կին նշեց, որ չնայած ստեղծված իրավիճակին, իրենք ապրում են բնականոն կյանքով. «Մենք չենք թողնի, որ թուրքը մեզ վախեցնի: Մենք շարունակում ենք ապրել: Ճիշտ է բոլորիս սրտում ցավ կա, բայց այդ ուժը մեզ ավելի ուժ է տալիս: Չենք գնում, որ տղերքն իմանան, թե ինչի համար են կռվում: Ո՞ւմ թողնենք մեր հողը գնանք: Մենք էդ պատվին չենք արժանացնի թուրքին»:

Մեկ ուրիշ բնակիչ էլ ասում է. «Կարող եմ վստահ ասել ամբողջ գյուղի անունից՝, որ ոչ մեկն այստեղից դուրս չի գա: Բոլոր տղամարդիկ էլ պատրաստ են գնան այս րոպեին պատերազմ: Մենք մեր հողը, ջուրը չենք թողնի: Մենք գրաված տարածք չունենք, ունենք ազատագրած տարածք: Մենք ունենք հայկական պատմական հողեր, որոնք ժամանակին ազատագրել ենք: Զինվոները ճիշտ են ասում, եթե հետ ես նայում, տեսնում ես գյուղում մարդ չկա, ինքդ քեզ մտածում ես բոլորը գնացել են, բա ես մնամ ի՞նչ անեմ: Դրա համար գյուղերը ոչ մեկը չպետք է նահանջեն»:

«Նռնաձորցիները չեմ ցանկանում նահանջել, սա մեր հողն ա: Ցանկացած գնով պաշտպանելու ենք: Բոլորն էլ զինվոր են՝ կին, տղամարդ, աչալուրջ են»,-ասում է մեկ այլ գյուղացի՝ հավելելով, որ այս պահին գյուղից բացակա ընտանիք չկա: