Շուրջ 20 հազար ֆրանսահայեր Փարիզում ցույց են անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով

172

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Տրոկադերո հրապարակում շուրջ 20 հազար ֆրանսահայեր և ֆրանսիացիներ խաղաղ ցույց են անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Փարիզում բնակվող լրագրող Էլլադա Ղուկասյանը:

«Հավաքը կազմակերպել էր Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: Հավաքի ընթացքում համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանն անդրադարձավ Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Մակրոնին վիրավորելուն, նշեց, որ ֆրանսահայերն իրենց աջակցությունն են հայտնում Ֆրանսիայի նախագահին: Հավելեց, որ համարում է անթույլատրելի նման վիրավորանքը և կոչ է անում ոչ միայն դատապարտել նման վիրավորանքը, այլև գործի անցնել ու ինչ-որ ձևով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ»,- ասաց Ղուկասյանը:

Լրագրողը հավելեց, որ հավաքից հետո մեծ քայլերթ է անցկացվել Փարիզի փողոցներով:

«Մարդիկ Փարիզի փողոցներով, Հայաստանի և Արցախի մեծ դրոշներով, նաև՝ Ֆրանսիայի դրոշներով, քայլեցին դեպի Արտաքին գործերի նախարարություն: Պատերազմի առաջին օրերից Ֆրանսիայի հայությունը ոտքի է կանգնել, միջոցառումներ է անցկացնում, որոնց ամեն անգամ ավելի շատ թվով մարդիկ են մասնակցում: Նրանք միանում են աջակցելու Արցախին ու Հայաստանին: Պահանջում են Արցախի Հանրապետության ճանաչում»,- նշեց Էլլադա Ղուկասյանը: