«Կռվել այնքան ժամանակ, մինչև դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել ընդունելի որևէ տարբերակի»

165

Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած և բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի, ըստ էության, և բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, պետք է համարենք ավարտված, քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բազմիցս ենք նշել` հարցը փոխզիջումների ճանապարհով լուծելու պատրաստակամություն ունենք: Բայց այն, ինչի հետ մենք համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ, և սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում», — նշեց նա:

Վարչապետը շատ բարձր է գնահատում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունն ու փոխգործակցությունը, և նկատեց` զգում են Ռուսաստանի աջակցությունը որպես ՀՀ-ի ու հայ ժողովրդի դաշնակցի: Այս իրավիճակում, ըստ նրա, հայկական կողմի անելիքը մինչև վերջ պայքարելն է: «Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար:

Այսօր Ադրբեջանի վերը հիշատակված դիրքորոշման առումով և համատեքստում պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակում է առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպան գործին, և այս պրոցեսն արդյունավետ կազմակերպելու պարագայում է, որ մենք ի վերջո կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման, որովհետև ըստ էության Ադրբեջանն այսօր ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայի համաձայն չէ», — ասաց Նիկոլ Փաշինյանը` դիմելով կոչով. —

«Կռվել այնքան ժամանակ, մինչև դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել ընդունելի որևէ տարբերակի, ընդ որում ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին»:

Հայաստանի ղեկավարը հորդորեց քաղաքապետերին, գյուղապետերին, համայնքապետերին կամավորական ջոկատներ կազմակերպել, որոնք կլինեն ԶՈւ գլխավոր շտաբի ենթակայության տակ:

Հայաստանի վարչապետը ներկայացրեց նաև իրավիճակն առաջնագծում. — «Այո, առաջնագծում բավականին բարդ, բավականին դժվար իրավիճակ է ստեղծվել, Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում, և այստեղ կա մի շատ կարևոր նրբություն` մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ իր վերջին ռեզերվները, այո, նրանց ռեսուրսները շատ-շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն անկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում»: