«Նման հուժկու պատերազմ, նման փոքրիկ տարածքում աշխարհը չի տեսել»

0
819

«Այժմ ինձ լավ եմ զգում։ Շատ լավ եմ լինելու մոտավորապես չորս ամիս անց։  Տրամադրությունս մարտական է», — Forrights.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ում բուժում ստացող լրագրող, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության  «Երկիրը երկիր է» հաղորդման հեղինակ, վարող Վարդան Օնանյանը։

Վարդան Օնանյանը   ՀՅԴ «Կամավորական շարժում»  ջոկատների կազմում Արցախի Հանրապետության սահմանների հյուսիսային ուղղությամբ Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը ետ վերցնելու ժամանակ ոտքերի շրջանում բեկորային վնասվածքներ է ստացել։  Նա ռազմի դաշտ մկնելուց առաջ  վստահ է եղել,  այս օրերին  իր առաքելությունն է հայրենիքին ծառայել որպես զինվոր և ոչ թե որպես լրագրող։  Նա հագել է զիվորական համազգեստը, ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 27-ից,  միացել է կամավորական ընկերներին ու միասին Երևանից մեկնել են ռազմի դաշտ։ 

Մի քանի ամիս առաջ զորացրվել է Վարդան Օնանյանի որդին։ Հայրն ասում է՝ որդին էլ իր պես կամավորագրվել է  «Կամավորական շարժում» ՀԿ-ում, սպասում է՝ ռազմաճակատ մեկնելու իր հերթին։

«Ես՝ որպես «հին ոսկոր» արտահերթ առաջին վաշտով գնացի, իսկ տղաս  սպասում է։ Հուսով եմ՝ իրենց վաշտին հերթը չի հասնի և շուտով կունենանք հաղթանակած խաղաղություն», —  ասում է Վարդան Օնանյանը։

Ի դեպ, օրերս ադրբեջանցիների ստեղծած կեղծ էջերից մեկը լուր էր տարածել, թե լրագրող Վարդան Օնանյանը զոհվել է, Օնանյանն էլ լրագրողական օպերատիվությամբ ու հայ քաջ մարտիկի տոկունությամբ ֆեյսբուքյան ուղիղ եթերով  հայտարարեց՝ իր մահվան մասին լուերը խիստ չափազանցված են, թշնամին  թո՛ղ իզուր չուրախանա․ ինքն իրեն լավ է զգում ու շուտով կապաքինվի։

Վարդան Օնանյանը կարևորեց մեր սպիտակ բանակի ներդրումը, մեր քաջ բժիշկների աշխատանքը, որոնք օրվա բոլոր ժամերին նվիրական աշխատանք են կատարում՝ փրկելով բազմաթիվ կյանքեր։

«Շորհակալ եմ բոլոր բուժաշխատողներին՝  մեր դասակի բուժակին, Մարտակերտի հոսպիտալի, Ստեփանակերտում աշխատող բուժանձնակազմերին։ Իմ բախտը բերեց։ Երբ ինձ տեղափոխեցին Ստեփանակերտ, այնտեղ էին «Էրեբունի»  ԲԿ-ի օրթոպեդ-վնասվածքաբան Գագիկ Բդոյանը և Կալիֆոռնիայից ժամանած հայ բժիշկ Արմեն Հակոբջանյանը, որոնք ինձ վիրահատեցին»:

Վարդան Օնանյանը Երևան տեղափոխվելուց հետո կրկին վիրահատվել է․ այս անգամ արդեն վիրահատությունը կատարել է  «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկ Հայկ Գյուլզադյանը՝ Օնանյանի վաղեմի ընկերը։ Առաջիկայում 45 օրվա ընթացքում Օնանյանին երկու լուրջ վիրահատություն է սպասվում, բայց ասում է ՝վստահ է՝ ամեն ինչ ալվ  է լինելու, անկասկած, լրիվ  կազդուրվելու է։

Վարդան Օնանյանը պատմում է՝ նման հուժկու պատերազմ, թերևս,  նման փոքրիկ տարածքում աշխարհը չի տեսել․ դա հաստատ  կարելի է պնդել։ Այս օրերի ընթացքում կիրառվել են ահռելի քանակությամբ զինտեխնիկա՝ հրանոթներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և այլն․․․

Լրագրողն ասում է՝ պատերազմից հետո  հենց  ժողովուրդը մեր քաջերի սխրանքների մասին կպատմի առասպելական ու հերոսական դրվագներ։

«Ես կարող եմ ասել՝ ամեն հայ արել է այն, ինչ իր սիրտը թելադրել է՝  զենք վերջնելով ու մարտնչելով՝ ի պաշտպանություն հայրենիքի։ Ամեն մեկն իր առաջադրանքն է ունեցել, որպեսզի պահի ու պաշտպանի իրեն վստահված հատվածը։ Շեշտը դրված է եղել մեր առաջին ու երկրորդ դասակների վրա։ Մեր տղաները, ցավոք, մեծ ու թանկ կորուստների գնով կատարել են մարտական առաջադրանքները՝ պաշտպանելով հայրենի հողը», — ասում է Վարդան Օնանյանը։

Այս օրերին գտնվելով հիվանդանոցում՝ Օնանյանը հոգեպես իր զինակից ընկերների հետ է, երբեմն կարճատև հեռախոսազրույցներ է ունենում նրանց հետ։

«Ես վիրավորվելուց հետո  նրանց թողել եմ, եկել Երևան՝ բուժում ստանալու։ Իմ ունեցած տեղեկություններով՝ իմ գալուց հետո մեկ քայլ անգամ նահանջ չի եղել։ Մերն է եղել ու մերն է լինելու ոչ միայն Վարանգաթաղը, այլև Հայական լեռնաշխարհի բոլոր բարձունքները․ մենք պայքարել ենք, պայքարելու ենք և միշտ հաղթող ենք լինելու», — եզրափակեց Վարդան Օնանյանը։

Հասմիկ Բալեյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here