ԱԳ նախարարը Ուենդի Մորթնի հետ քննարկել է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

109

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Զրույցի առանցքում է եղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամաշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող վայրագությունների, իր հսկողության տակ հայտնված ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների, քաղաքացիական բնակավայրերի և կենսապահովման ենթակառուցվածքների անընդմեջ թիրախավորման, կրոնական, մշակութային հաստատությունների հրետակոծման բազմաթիվ փաստերի վրա: 

Մշտական քարտուղար Մորթնն իր խորին ցավակցությունն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի կապակցությամբ: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հոկտեմբերի 10-ին և 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությանը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից նշյալ համաձայնությունների խախտումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում վերջինիս անկարողությունը` հարգելու իր իսկ ստանձնած պարտավորությունները և հրաժարվելու հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծման նկրտումներից: ԱԳ նախարարը խորը մտահոգությամբ հայտնել է, որ Ադրբեջանի նման վարքագիծն ակնհայտ կերպով սատարվում և խրախուսվում է Թուրքիայի կողմից, որն էլ իր հերթին փորձ է անում  տարածաշրջանային անվտանգության ապակայունացմամբ առաջ մղել իր ծավալապաշտական նպատակները:

Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատմանը: