Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի թիրախավորման վերաբերյալ.

Հոկտեմբերի 16-ի երեկոյան Ադրբեջանի կողմից հերթական անգամ ռմբակոծվել են Արցախի քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում տուժել է Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ:

Միաժամանակ, ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Հատկանշանական է, որ ժամեր առաջ ադրբեջանական կողմը նաև տարածեց սադրիչ և բացարձակապես կեղծ տեղեկատվություն՝ ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադ բնակավայրի հռթիռակոծման մասին: Եվ ըստ արդեն իսկ իրենց ավանդական գործելավոճի՝ ապատեղեկատվության այս ալիքին հաջորդել է իրական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Ադրբեջանի չդադարող փորձերը ընդարձակել հակամարտության աշխարհագրությունը և դրանով անդառնալի հարված հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին՝ խստագույնս դատապարտելի են: ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest