Երկու օր առաջ տեղեկացրել էինք, որ գերեվարված երկու զինծառայողների անունից հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Դատարանը Ադրբեջանի կառավարությունից տեղեկատվություն պահանջելու մասին որոշում էր կայացրել՝ վերջնաժամկետ սահմանելով 22.10.2020 թ:
Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ բացահայտված դրվագները՝ կրկին դիմում էր ներկայացվել Եվրոպական դատարան, և ներկայացվել էին Ադրբեջանի զինված ուժերի ներգրավվածությամբ ռազմագերիների նկատմամբ պատերազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ ապացույցներ։
Դատարանը քիչ առաջ բավարարեց հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։
Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020 թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նշված զինծառայողների շահերը ներկայացնում են փաստաբան Սիրանուշ Սահակյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը»,- գրել է նա։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: