Հայկս դեռ ծառայության գնալիս էր ասում.

-Ես բոլորիդ պահապան հրեշտակն եմ:

Այդպես էլ եղավ, Հայկս դարձավ մեր պահապան հրեշտակը․․․

Այսպես լուսավոր ու պայծառ հիշողություններով է սիրելիին հիշում Լուիզան, ով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 20-ամյա Հայկ Սահակյանի ընկերուհին էր։

Պատերազմի հենց առաջին օրերից Հայկն իր կարճատև զանգերով չընկճվելու հրաման էր տալիս հարազատներին ու սիրելիին․

«Անընդհատ զանգում էր, ասում էր՝ կյանքս մի անհանգստացի, սաղ տոչնի ա, քեզ լավ նայի, քեզ շատ եմ սիրում, կզանգեմ: Ամեն օր զանգում էր, շատ ուրախ ու հանգիստ էր խոսում, եթե իրեն չճանաչեի, կմտածեի՝ ապահով վայրում թաքնված է: Միայն ասում էր, որ հիշեմ, թե ինչքան շատ է ինձ սիրում, միայն դա էր կրկնում։ Երբ խնդրում էի խոստանալ, որ հետ կգա, մերժում էր, ասելով՝ խոստանալ չի կարող․․․»։

Հայկի եղբոր ընկերները պատերազմական օրերին գնացել էին Հադրութ` նրա մոտ, հետո զանգել տանեցիներին պատմել, որ բոլորը Հայկի ու իր հետ եղած 6 զինվորների մասին են խոսում, թե ոնց են առաջնագծում կռվում, առաջ գնում։

Մեծ հպարտության հետ մեկտեղ, խոր անհանգստություն կար հարազատների շրջանում։ Հայկը, միևնույն է, փորձում էր հնարավորինս հանգստացնել նրանց․․․

«Ասում էր՝ էստեղ բան չկա, նորմալ ա, հաց եմ ուտում, քնում, բան չկա անելու: Վերջին խոսակցության ժամանակ խոստացավ, որ հետ կգա, ասում էր՝ երբեք չմոռանամ, թե ինչքան է ինձ սիրում, ինձ լավ նայեմ, հոգ տանեմ իմ մասին, մինչև ինքը գա:

Խնդրել էր, որ գնամ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ու 3 հատ մոմ վառեմ, արել էի: Ընկերների հետ խոսելիս էլ ասել էր, որ կանգնած է առաջնագծում, որ ընկերներն էստեղ անում են ամեն բան՝ իրենց նպատակներին հասնելու համար»:

Սակայն․․․

Պատերազմի հինգերորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, Հայկը զոհվեց․․․

Զինծառայողի մորեղբայրը պատմում է, որ Հայկն ու իր զինակից ընկերը՝ Մխիթարը, կենդանի վահան են դարձել մյուս ընկերոջ համար՝ փրկելով նրա կյանքը․

«Հայկը, Մխոն ու Արթուրը ընկերներ էին, առհասարակ 7 ընկերներ էին (չորսը չկան, 3-ը վիրավոր են): Առաջին գռադից պատը փլվել էր ընկերոջ վրա, Մխոյի հետ վազել էին, հանեին ընկերոջը, էդ պահին գցել են երկրորդ գռադը, Հայկս՝ մյուս ընկերոջ հետ, մարմնով պահել էր պատի տակ մնացած ընկերոջը․․․Իրենք զոհվել էին, իսկ վիրավոր ընկերը՝ Հայկի հոգեհանգստի ժամանակ բացել էր աչքերը, չնայած որ վիճակը շատ ծանր էր։»,- ասում է Արմեն Սահակյանը:

Հայկն ու Լուիզան առաջիկայում նախատեսում էին նշանվել։ Չորս ամիս էր մնացել ծառայության ավարտին, թվում էր՝ դա նրանց վերջին փորձությունն է և ամիսներ անց պետք է ամենաերջանիկը լինեին․․․

«Հոգուս խորքում որքան էլ նեղացած լինեմ, աննկարագրելի հպարտ եմ։ Ես վստահ եմ, որ դրախտում իրեն արժանի արքայությունն է վայելում:

Կյանքից նեղացած լինելով հանդերձ, շնորհակալ եմ, որ ճանաչել եմ քեզ, որ հենց ինձ ես ընտրել, որ ունեցել եմ ամենասիրուն ու չկրկնվող պատմությունը:

Սիրում եմ քեզ, ավելի շատ, քան երբևէ….»։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest