Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթները, հրամանագիր է ստորագրել, որով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է Արցախի տարածքից ԱՀ քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ: Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու, ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը կազմակերպելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:

Արցախի Հանրապետության տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար և թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝ պարետի կողմից տրված անցաթղթի առկայության դեպքում։

Պարետին լիազորվել է նաև, ըստ անհրաժեշտության, սահմանել ԱՀ որոշակի տարածքներ անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), այդ տարածքներում գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ և պայմաններ»,- նշել է ԱՀ նախագահը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest