Ադրբեջանն ահաբեկիչների հետ իր համագործակցությունը սկսել է Ղարաբաղյան դեռ առաջին պատերազմում՝ 1992-1994 թթ-ին: Հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:

Հարությունյանը նկատեց, որ ադրբեջանա-թուրքական քարոզչական մեքենան փորձում է միջազգային հանրությանը ապակողմնորոշել և ներկայացնել, թե իբր ԼՂ-ի դեմ ռազմական գործողություններում չկա թուրքական մասնակցություն, չկան վարձկաններ, որոնք բերվում են հակամարտության գոտի, չեն թիրախավորվում եկեղեցիները և քաղաքացիական օբյեկտները: Սակայն, նրա խոսքով, Մինսկի խմբի համանախագահ պետություններում այլ բան են ասում:

«Ռուսաստանի արտաքին հետախուզության պետը ներկայացրեց, որ կան վարձկան ահաբեկիչներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: ՌԴ նախագահը, Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույց ունենալով, մտավախություն հայտնեց այդ մասով, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նույն տիպի ելույթ ունենալով դա ներկայացրեց, նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիային մեղադրեց, որ Թուրքիան այդ վարձկաններով ապահովում է Ադրբեջանին»,-ասաց Հարությունյանը:

Նա նկատեց, որ  այդ մասին են խոսում նաև այլ պետություններ՝ Ավստրիան, Հունաստանը: Կան ապացույցներ, բայց հակառակորդը փորձում է դրանք հերքել:

«Ադրբեջանն այդ հանցագործների, ահաբեկիչների հետ իր համագործակցությունը սկսել է դեռ Ղարաբաղյան առաջին պատերազմում՝ 1992-1994 թթ»,-ասաց Հարությունյանը:

Նա ցույց տվեց ապացուցող փաստաթուղթը:  «Ադրբեջանի այսօրվա գենշտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը ստորագրել է մի փաստաթուղթ, որի համաձայն 520 հոգի ներգրավվում են Ադրբեջանի զորամասերից մեկում և մասնակցում մարտական գործողություններին: Դրանից հետո կա հրաման, որ զորակոչեն պահեստազորից սպաներին, որոնք տիրապետում են ֆարսի լեզվին: Կան կոնկրետ այդ 15 հոգու ազգանունները, որոնց զորակոչելու էին: Սա խոսում է այն մասին, որ ահաբեկիչների հետ համագործակցության ճանապարհն Ադրբեջանը բացել է դեռ 1992-ին և այսօր շարունակում է այդ գործողությունները՝ ներգրավելով նրանց տարածաշրջան»,-ասաց Հարությունյանը:

Նա շեշտեց, որ դա սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի պետությունների համար: Դրա մասին հայտարարել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest