Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը։ Տեղեկությունը հաստատեց նաև ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Ես պատկերացնում եմ, թե ինչ պատասխանատվություն է ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելը, իմ օգտին 6 կողմ ձայն է եղել։ Ինձ համար հիմա էլ ՍԴ դատավորի պաշտոնն ավելի գրավիչ է»,- ընտրությունից դուրս գալով՝ ասաց ՍԴ նորընտիր նախագահ Դիլանյանը։ Նա այլ մանրամասներ չհաղորդեց, խոստանալով՝ երկրում խաղաղության հաստատումից հետո ասուլիս կհրավիրի և ավելի մանրամասն կխոսի հետագա անելիքների մասին։
Արման Դիլանյանը ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել էր, թեև սեպտեմբերի 24-ին վստահ հայտարարել էր, որ դատարանի նախագահ դառնալու հավակնություն և իր թեկնածությունը դնելու մտադրություն չունի։
«Ես կարծում եմ ՍԴ դատավորի պաշտոնը ցանկացած իրավաբանի համար ամենալավ պաշտոնն է՝ իր մասնագիտական ունակությունները ցուցադրելու համար։ Ես ինձ այդ պաշտոնում շատ լավ եմ զգում»,- այս մասին դեռևս սեպտեմբերի 24-ին՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Դիլանյանը` տեղեկացնելով, որ չի ինքնաառաջադրվելու։
Թե ինչն էր պատճառ հանդիսացել իր իսկ խոսքը դրժելու, Forrights-ը փորձեց ճշտել հենց նորընտիր նախագահից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ կետի Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնավարելու է վեց տարի ժամկետով առանց նույն պաշտոնին վերընտրվելու իրավունքի:
Նշենք, որ 46-ամյա Դիլանյանը Արարատի մարզի Գետափնյա գյուղից է։ Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, իսկ 2004 թվականին ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտացմամբ։
Կարիերան սկսել է հենց Սահմանադրական դատարանից՝ 1996 թվականից աշխատել է ՍԴ-ում` որպես աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ, ապա` նախագահի տեղակալի օգնական, իսկ այնուհետև` իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ:
2012-2013 թվականներին կատարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետի պարտականությունները: Ապա ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վարչական դատարանի դատավոր:
2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի անդամ:
Ամուսնացած է: Ունի երկու զավակ:
Helpcourt կայքում, որտեղ փաստաբանները վարկանիշավորում են դատավորներին, Դիլանյանն ունի բարձր գնահատական՝ 42։
2017 թվականի տարեկան հայտարարագրում Արման Դիլանյանն իր դրամանակն միջոցներն է ներկայացրել, նշելով, որ ունի 25 միլիոն դրամ, 107 հազար դոլար և 102 հազար եվրո: Վերջինս 2017-ին 260.000 հազար դրամ փոխառություն է ստացել: Աշխատանքի վարձատրությունից ստացված եկամուտները կազմել են 7 միլիոն 443 հազար 986 դրամ, և ստացվել 3 աղբյուրից:
Պաշտոնի ստանձման և 2013 թվականի տարեկան հայտարարգրում Արման Դիլանյանի կին է նշված Արաքսյա Հովսեփյանը:
Վերջինիս 2013 թվականի տարեկան հայտարագրում նշված է 6,5 միլիոն դրամ և 14 հազար դոլար դրամական միջոց: Աշխատանքի վարձատրությունից ստացած եկամուտը կազմել է 4 միլիոն դրամ:
2015 թվականին որպես Արման Դիլանյանի կին տարեկան հայտարարագիր է ներկայացրել Նաիրա Ալեքսանյանը: 2017 թվականին նրա դրամական միջոցները նվազել են՝ կազմելով 3 միլիոն դրամ, եկամուտները՝ 664 հազար 614 դրամ:
Արման Դիլանյանն ունի 2 անչափահաս երեխա: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացվել է միայն 1 երեխայի, Միքայել Դիլանյանի 2017 թվականի հայտարարագիրը, սակայն դրանում ոչինչ նշված չէ:
Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 25-ին Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ չէր ստացել: Եվ ոչ շուտ, քան 10 օր, և ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում պետք է կազմակերպվեին ՍԴ նախագահի նոր ընտրություններ:
ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող էր և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով:
Քվեարկությունը փակ է։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: