Մեղրու շրջանի Գուդեմնիս գյուղի բնակիչ Բագրատ Համբարձումյանը հոկտեմբերի 5-ին է իմացել, որ որդին՝ Սուրենը, էլ չկա: 6-ին բերել են մարմինը: 7-ին՝ թաղել է որդուն: «Կենսագրակա՞նն է պետք»: Բագրատն այն վիճակում չի, որ կարողանա երկար խոսել տղայի մասին: 

Տարի ու կես առաջ կնոջն է թաղել, հիմա էլ, ահա՝ Սուրենին: Մի որդի ունի: Նա էլ է հավաքագրված Մեղրու շրջանից:

Սուրենի մասին Բագրատը պատմում է կարճ, քաղաքավարությունից դրդված, զուտ լրագրողի խնդրանքը չմերժելու համար: «Համբարձումյան Սուրեն Բագրատի: 1992 թվի հունվարի մեկի ծնված, Գուդեմնիս գյուղում: Սովորել է Ագարակի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում: Ավարտելուց հետո մեկնել է ծառայության հայկական բանակում, հակաօդային պաշտպանության գնդում»:

Մոտ երեք տարի Սուրենը աշխատել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում: Աշխատանքը սրտով չի եղել: Դուրս է եկել գործից, նախընտրել է զինվորականի ճանապարհը: Պայմագրային ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Սուրենը ամեն անգամ տանից դուրս գալուց առաջ տատիկին ասում էր՝ արի մի հատ պաչեմ, չքնես: Հեսա շուտ հետ եմ գալու: Ու տատին չէր քնում: Միշտ սպասում էր՝ մամայի պես:  

Մարտական հերթապահության է եղել, երբ իմացել է, որ Արցախում սկսվեց:

Ընկերների հետ մեկնել է Արցախ, որպես կամավոր, ծառայել ու խփվել է Ջեբրայիլում: Հորը չի ասել, որ առաջնագծում է: Բագրատին որդու ընկերները հետո պատմել են, որ Սուրենը առաջին կամավորականն է եղել իրենց զորամասից: Նրան նայելով, զորամասի մյուս տղաներն էլ են խնդրել, որ իրենց Արցախ ուղարկեն:

Բագրատը մի քանի օր, քանի դեռ որդին ողջ էր, համոզված է եղել, որ նա Հայաստանում է, իր ծառայության վայրում:

«Նա Ջեբրայիլում էր, իսկ ես զանգում էի, հետը խոսում, ու կարծում էի, իր սովորական գործին է, Հայաստանում: Ասում էի՝ ոնց ես, ինչ ես: «Լավ եմ»՝ ասում էր», — հիշում է Բագրատը:

Վերջին խոսակցությունը Սուրենը հոր հետ ունեցել է մահից երկու օր առաջ: «Իր մասին բան չի ասել: Մեզանից էր հարցնում: Իրա մասին չէր խոսում: Էնքան որ գիտեի՝ նորմալ ա, էդքան բան»:

Եղանակը ցրտել էր, ու Բագրատը հիշում է, որ անհանգիստ էր, թե որդին կմրսի: Այդ կարճ, այդ վերջին զրույցից հետո էլի է զանգել Սուրոյին, բայց նա նա արդեն անհասանելի էր:

Որդու մահվան մասին նրան զգուշորեն են հայտնել: «Եկան, ասին՝ Սուրոն, կարծես, վիրավոր է, հետո ընկերները արդեն ճիշտը ասեցին»:

Խնդրում եմ, որ Սուրենին նկարագրի: «Սիրում էր բնությունը, մեր գյուղը, նվիրված էր ընկերական շրջապատին: Ինքն իրեն առաջ մղող էր, իր անձը հետ մղած, ավելի գնահատում էր ընկերներին, հայրենիքը, ծառայությունը: Էդպիսին էր ինքը, բայց փակ էր: Ինձ հետ շատ չէր բացվում: Ավելի շատ ընկերների հետ էր խոսում: Ինչ հանձնարարես, անելու էր, ինչ ասեի՝ ասելու էր՝ հա, համառ բնավորություն ուներ, բայց փակ էր, հետդ չէր նստում, ու բացվում»:

Որդու հետ միշտ էլ կարճ է խոսել Բագրատը: Հիմա ափսոսում է: Կուզեր երկար-երկար զրուցել:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest