Ծնունդով իրինդցի 24-ամյա Մանուել Մանուկյանն արդեն երկու անգամ պատերազմի է
մասնակցել։ Առաջին անգամ թշնամու դեմ կռվել է Ապրիլյան պատերազմի օրերին, երբ ժամկետային զինծառայող էր։ Այս անգամ էլ թշնամու նախահարձակ ռազմական գործողությունների մասին լսելուց հետո սեպտեմբերի
27-ին Մանուելը 6 ընկերների հետ կամավոր մեկնել է ռազմի դաշտ՝ հայրենիքը
պաշտպանելու։
Forrights.am-ի հետ զրույցում Մանուելը ցավով ու կսկիծով նշեց՝ ռազմի դաշտում իր 6 ընկերներից մեկի՝ Արտակ Մարգարյանի զոհվելու մասին.ասաց՝ սիրտը ցավում է մեր հերոս տղաներից յուրաքանչյուրի կորստի համար․ «նրանց սխրանքները բոլորիս պարտավորեցնում են, որ ամուր պահենք մեր հայրենի հողը»։
Սեպտեմբերի 30-ին ռազմական գործողությունների ընթացքում Մանուելը վիրավորվել է, վնասվել են Մանուելի երկու ձեռքը և աջ ոտքը։ Մանուելը բեկորային վնասվածքներ ու կոտրվածքներ ունի, բայց անկոտրում է, մարտական ոգին՝ բարձր։ Մանուելի ձախ ոտքը չի վնասվել, ասում է՝ տաբատի ձախ ոտքի հատվածում գտնվող գրպանում աղոթագիրք է եղել և հենց դա է Աստվածային ուժով իրեն պաշտպանել ու փրկել։
Վիրավորում ստանալուց հետո Մանուելը Արցախից Երևան է տեղափոխվել, հիվանդանոցային
բուժում է ստանում։ Նրան այցելում են ծանոթներ ու անծանոթներ, որոնք նրա մասին
գիտեին դեռ Ապրիլյան պատերազմից։ Երբ Մանուելին հերոս են անվանում, շփոթվում է, ասում
է՝ ինքը հերոս չէ, գնացել է հայրենիքը պաշտպանելու։
Մանուելի մայրը՝ տիկին Անուշը հաստատում է՝ որդին Աստծո պահածն է, Աստծո շնորհիվ է
փրկվել: Մայրը նույնպես համեստորեն է ներկայացնում որդուն. գնացել է հայրենիքի
նկատմամբ իր պարտքը կատարելու: Ասում է՝ ռազմի դաշտում իր կյանքը հայրենիքին
նվիրած, նահատակված բոլոր քաջերը
հերոսներ են։
«Որդիս անմնացորդ սիրում է իր ժողովրդին, հայրենիքը։ Երբ Մանուելն արդեն հասել էր
Արցախ, միայն այդ ժամանակ եմ իմացել, որ ռազմաճակատ
է գնում, իհարկե, դա ինձ համար զարմանալի չէր․ երբ հայրենիքին վտանգ է սպառնում,
նա ամեն ինչի մասին մոռանում է ու պայքարի նետվում․ նա այդպիսին է։ Հիմա աղոթում
եմ, որ պատերազմն ավարտվի, որ բոլորն անփորձանք տուն վերադառնան ու վիրավորում
ստացած մեր քաջ տղաները կազդուրվեն», — ասում է տիկին Անուշը։
Մանուելն 2016-ի ապրիլյան օրերից գիտեր դժոխային պատերազմի մասին, բայց այս
անգամ էլ անվարան մեկնեց ռազմաճակատ,՝ այն դիրքը, որտեղ մարտնչել էր Ապրիլյան
պատերազմի օրերին։ Ասաց՝ հենց այդ դիրքն է գնացել, քանի որ տեղանքը լավ գիտի և
պայքարը թշնամու դեմ ավելի արդյունավետ կլիներ:
«Ինչպես ես եմ եղել ժամկետային զինծառայող ու տեսել այդ օրերը, այնպես էլ հիմա առաջնագծում գտնվող մեր զինվորները։ Նրանք իմ եղբայրներն են, ես պետք է նրանց կողքին լինեի։ Ապրիլյանի օրերին մեր մյուս եղբայրները եկան ու մենք թշնամու դեմ պայքարեցինք միասին։ Մենք մեզ դավաճան կզգայինք, եթե չգնայինք, չլինեինք մեր տղաների կողքին, մանավանդ, երբ տեսել էի այդ ամենը և գիտակցում էի, որ այնտեղ օգնության, ներկա գտնվելու ու աջակցելու կարիքը մեծ է», — ասում է Մանուելը։
Մանուելը պատմում է՝ Գավառից 19-ամյա մի զինվորի խիզապության մասին, որի անունը ցավոք չգիտի և հիմա ուզում է գտնել նրա ընտանիքին, պառմել, թե ինչ հերոս զավակ են մեծացրել։
«Նա երեք տանկ էր խոցել մեր դիրքերից մեկը կրկին ետ բերելու ժամանակ։ Պատրաստվում էինք չորրորդ տանկը խոցել։ Գավառցի խիզախ երիտասարդի հայրը ևս կամավոր բարձրացել էր դիրքերը։ Սակայն, եղավ չարաբաստիկ պայթյունը, որի հետևանքով ես կորցրի կողքիս երեք ընկերներին, ցավոք, նրանց թվում էր նաև մեր երիտասարդ հերոսը», — տխուր պատմում է Մանուելը։
Նա ասում է՝ 18-20 տարեկան տղաները արիաբար մարտնչում են՝ առանց խուճապի։
«Մեր քաջերը կռվում են «ոչ մի քայլ ետ» սկզբունքով։ Ես ապշած եմ նրանց քաջությամբ։ Նրանք աստվածային ուժ են ստանում դիրքերում հայրենիքը պաշտպանելիս: Մեր քաջերը իրենց կյանքը չեն խնայում հանուն հայրենիքի և մենք պարտավոր ենք հիշել նրանց սխրանքներն ու միասնական լինել այս օրհասական պահերին, որպեսզի կարողանանք հաղթել։»։
Վիրավորում ստացած բոլոր զինվորներն ուզում են ժամ առաջ կազդուրվել ու մերադառնալ ռազմի դաշտ։ Մանուելը բացատրեց, թե ո՛ր գերբնական ուժն է հերոս տղաներին, երբեմն դեռ ամբողջովին չապաքինված՝ կրկին մարտի դաշտ մղում։
«Երբ ռազմաճակատից վերադառնում ես ու այդտեղ տեսնում անմեղ մանուկներին, խաղաղ բնակիչներին, մայրերին, քույրերին և հասկանում ես, որ նրանց կյանքը վտանգված է, որպես հայ մարդ, որտեղ տղամարդ՝ հասկանում ես, որ դու անելիք ունես։ Իմ ընկերն էլ այստեղ թողեց իր կնոջը, անչափահաս երեխաներին ու զոհվեց։ Նա զոհվեց հանուն իր ընտանիքի, հայրենիքի։ Մենք ենք այս հայրենիքի պաշտպանները, հետևաբար մեր տղաները շարժվում են դեպի առաջնագիծ՝ իրենց սրբությունը պաշտպանելու»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Հասմիկ Բալեյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: