Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ներկայացրել է ԼՂ հակամարտությունը

184

Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին, սկզբում նեղ, այնուհետ էլ ընդլայնված կազմով հանդիպմանը։

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ հինգ երկրներից չորսի կառավարությունների ղեկավարներին վարչապետը ներկայացրեց Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ Ադրբեջանին մեղադրելով, Թուրքիայի աջակցությամբ, Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար։ Վարչապետ Փաշինյանը շեշտեց, որ ռազմական գործողություններում կիրառվում են նորագույն զինամթերքի բոլոր տեսակները, որոնք ուղղված են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ։

«Մենք այդ գործողությունները գնահատում ենք որպես ադրբեջանաթուրքական ագրեսիա՝ ընդդեմ հայ ժողովրդի։ Մեր ժողովուրդը կանգնել է լուրջ մարտահրավերի առջև։ Մեր քաղաքներն ու գյուղերը գտնվում են մշտական հրետանային ու հրթիռային կրակի տակ։ Թիրախի տակ է գտնվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը։ Կան բազմաթիվ վիրավորներ ու սպանվածներ։ Մեծ վնաս է հասցվել ենթակառուցվածքներին, ոչնչացվել են բնակելի շինություններ։ Հատկապես տուժել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը», — ասաց վարչապետը։

Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի շեմին։ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին Հայաստանի վարչապետը հայտնեց, որ ռազմական գործողություններին ներգրավված են նաև Թուրքիայի կողմից հավաքագրված սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ։

«Հատուկ անհանգստություն են առաջացնում Թուրքիայի ակտիվ գործողությունները, որոնք սպառնում են ամբողջովին ապակայունացնել իրավիճակը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում», — ընդգծեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայկական կողը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ է խաղաղ գործընթացի վերսկսմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկների նախագահների և արտաքին գործերի նախարարների վերջին օրերի հայտարարություններին համապատասխան։

Ընդլայնված հանդիպմանը նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին՝ ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին: Ռուսաստանի վարչապետը կարևորեց մարտական գործողությունների դադարեցումը։

«Իհարկե կարևոր է ապահովել մարտական գործողությունների անհապաղ դադարեցնելը և հակամարտության դիվանագիտական կարգավորմանն անցնելը, Ռուսաստանը պատրաստ է դրան մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբվի մյուս համանախագահ երկների հետ», — ասաց Միշուստինը։