Ես գիտեմ, թե որքան շատ բան են արել Ստեփանակերտի հիվանդանոցի աշխատակիցները ինձ փրկելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ ծանր վիրավորված ֆրանսիական Le Monde-ի լրագրող Ալան Կավալը՝ ներկայացնելով իր հետ կատարվածը և շնորհակալություն հայտնելով իր կյանքը փրկած անձանց:

Գրառումը լրագրողը վերնագրել է՝ «Այն ուժեղ հարվածեց, բայց ես այստեղ եմ»։

«Նախորդ հինգշաբթի իմ գործընկեր, լրագրող Հերմինե Վիրաբյանի, ֆոտոլրագրող Ռաֆայել Յաղոբզադեի հետ շփման գծից ոչ հեռու գտնվող Մարտունի քաղաքում մեր մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ Ադրբեջանը սկսեց ռմբակոծել քաղաքը: Կեսօր էր, և բնակելի փողոցում քայլելիս մենք լսեցինք ադրբեջանական դիրքերից մեզ վրա արձակված «Գրադ»-ի արկերի ձայնը: Նրանք ռմբակոծում էին քաղաքը, և կրակի ու մետաղի անձրև էր գալիս մեզ վրա: Մարտունու քաղաքապետարանի աշխատակից Գրիշա Նարինյանը, որը մեզ ցույց էր տալիս նախորդ հարձակումների վայրերը, տեղում մահացել է: Նա 28 տարեկան էր: Ես ամեն օր մտածում եմ նրա և նրա ընտանիքի մասին: Գրիշան մահացել է, քանի որ ցանկացել է, որ աշխարհը իմանա, թե ինչ ապրումներ ունի իր ժողովուրդը: Թող նա խաղաղությամբ հանգչի այդ հարվածի ժամանակ զոհված երեք այլ քաղաքացիական անձանց հետ»,- գրել է Կավալը:

Լրագրողը հավելել է, որ վարորդը՝ Արմեն Սայանը, թեթև վիրավորվել է, բայց դեռ գլխացավեր ունի, իսկ գործընկերը՝ Հերմինեն, բարեբախտաբար, չի վնասվել։

«Իմ ընկեր ու գործընկեր Ռաֆայելը վիրավորվել էր գլխի և ոտքի շրջանում: Եթե  ճիշտ եմ հասկացել՝ իմ մարմնի տարբեր հատվածներում տասնյակ բեկորներ էին հայտնվել։ Բեկորների մի մասը խոցեցին իմ որովայնը: Հիմա ես վերականգնվում եմ քայլ առ քայլ, օրեցօր, սակայն ես չէի կարող գրել այս խոսքերը, եթե չլինեին այն  մարդիկ, որոնք փրկեցին ինձ Մարտունիում, Ստեփանակերտում, Երևանում և Փարիզում: Նրանց մի մասը հայտնի են, մի մասը իմ ընկերներն են, մի մասին ես երբեք չեմ ճանաչել: Նրանց մեջ կան մարտունեցիներ, որոնք վճռորոշ դեր են խաղացել առաջին րոպեներին. նրանք ձգտել են մեզ անվտանգ տեղ հասցնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր լրագրողներին, ովքեր ինձ վերցրին այնտեղից և տեղափոխեցին քաղաքի բժշկական կենտրոն:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մյուս գործընկերներին, ովքեր այնտեղ էին և Փարիզին տեղեկացրեցին ստեղծված իրավիճակի մասին, հատկապես շնորհակալ եմ Հերմինեին և Ռեջիս Գենտեին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մարտունիի բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին, ովքեր իրենց քաղաքի վրա հարձակման պահին ժամանակ են գտել՝ փրկելու երկու օտարերկրացու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մարտունիից ինձ ոլորապտույտ ճանապարհներով սլացող հին շտապօգնության մեքենայով Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխած մարդկանց: Ես գիտեմ, թե որքան շատ բան են արել Ստեփանակերտի հիվանդանոցի աշխատակիցները՝ ինձ փրկելու համար: Ես դեռ չեմ հասցրել իմանալ բոլոր նրանց անունները, բայց ես խորապես երախտապարտ եմ նրանցից յուրաքանչյուրին:

Ես նաև խորապես երախտապարտ եմ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ֆրանսիայի իշխանություններին, որոնք ուղղաթիռով ապահովեցին մեր տեղափոխումը Երևան: Իհարկե, այս ամենը հնարավոր չէր լինի առանց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, ով հրապարակավ խոսել է մեր գործի մասին և անհնարինը արել՝ մեզ դուրս բերելու համար, և առանց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի»,- գրել է Կավալը:

Գրառման վերջում Ալան Կավալը ներողություն է խնդրում մտերիմներից, հատկապես՝ ընտանիքից և իր Ռեբեկայից, որոնց ստիպել է տառապել։ Նաև շնորհակալություն է հայտնել աշխարհի տարբեր անկյուններից ծանոթ և անծանոթների անհանգստացած ու ոգևորիչ նամակների համար՝ խոստանալով, որ ապաքինվելուն պես կպատասխանի բոլորին՝ նշելով, որ վերականգնվում է շնորհիվ բոլորի։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest