Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին նվիրված հարցի քննարկումը։ Հերթագրված պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը Միության ղեկավարությունից պահանջել է պատասխանատվության կանչել Թուրքիային, որն ակտիվորեն հրահրում է հակամարտության բորբոքումը:
Օրենսդիրները կրկին կողմերին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանին: Խորհրդարանի ներկայացուցիչներն անընդունելի են համարել Թուրքիայի ներգրավվածությունը և նշել, որ Անկարան, մեղմ ասած, չի դրսևորում Եվրամիության անդամ դառնալու թեկնածու երկրի պահվածք: Միակ խորհրդարանը, որը հանդես է եկել միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշմամբ, եղել է Հունգարիայի ներկայացուցիչը:
Իսպանիայի ներկայացուցիչ Խորդի Սոլեն կոչ է արել առաջնահերթ հարգել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, քանի որ դրա անտեսումն է հենց աշխարհի տարբեր երկրներում սկիզբ առած հակամարտությունների պատճառը:
Շվեդիայի ներկայացուցիչ Շարլի Վիմերսը հայտարարել է, որ Արցախում տեղի ունեցող ողբերգությունը Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի համատեղ բռնապետական նախաձեռնությունն է: Նա նաև մեջբերել է Անդրեյ Սախարովի խոսքերը, թե Արցախում ընթացող պատերազմն ամբողջ աշխարհի ժողովուրդների կյանքի և մահվան պայքարն է:
Գերմանիայի ներկայացուցիչ Մարտինա Միխելսը պնդել է, որ տարածաշրջանի էսկալացիայի պատճառը Թուրքիայի նկրտումներն են, իսկ Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարում է, որ իր թշնամին հայ ժողովուրդն է:
Ֆաբիո Մասիմո Կաստալդոն՝ Իտալիայից, նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող գործողությունները բացարձակապես անընդունելի են, և Թուրքիայի ներգրավվածությունը պետք է լրջորեն դատապարտվի:
Անդրիու Կուբիլիուսը՝ Լիտվայից, կողմերին կոչ է արել դադարեցնել պատերազմը և ասել. «Դուք ոչնչացնում եք ձեր և ձեր երեխաների ապագան»: Նա նաև հորդորել է խաղաղության հաստատման գործում ներգրավել ԱՄՆ-ին:
Սլովակիայից Ռոբերտ Հայշելը նշել է. «Մինչ մենք քննադատում ենք կողմերին, Թուրքիան շարունակում է զինել ահաբեկիչներին և Ադրբեջանին: Այնտեղ մահանում են քաղաքացիներ, հայեր, լրագրողներ: Ռուսաստանն այժմ չեզոք դիրքորոշում է դրսևորում, Թուրքիան նույնպես պետք է չեզոքություն պահպանի»:
Նատալի Լուսիո, Ֆրանսիա. «Թուրքիան դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրանք հիմա էլ ներգրավված են այս ամենի մեջ: Ժամանակն է իրենց անուններով կոչել պատմական իրադարձությունները»:
Ալեսանդրո Պանցա, Իտալիա. «Չմոռանանք, որ Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն էր, և հենց հայերն էին, որ Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին ցեղասպանության, և հիմա էլ նրանց ինքնորոշման իրավունքն է վտանգված»:
Ռայնարդ Բյուտիկոֆեր, Գերմանիա. «ԱՄՆ-ը չի ակտիվանում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, Թուրքիան լարվածությունը թուլացնելու փոխարեն ավելի է սրում այն: ԵՄ-ն ֆորմալ դերակատարում չունի, բայց ո՞վ, եթե ոչ մենք պետք է նպաստենք հակամարտության լուծմանը»:
Մարտին Զոնեբորն, Գերմանիա. «Չնայած կորոնավիրուսն ամբողջ աշխարհում շարունակում է արշավը, Ադրբեջանը միաժամանակ խաղաղ բնակչության դեմ օգտագործում է կասետային ռումբեր և նպաստում 100 տարի առաջ Թուրքիայի նախաձեռնած ցեղասպանության իրագործման շարունակությանը: Արցախի ժողովուրդը փորձում է իրականացնել ինքնորոշման իրավունքը»:
Ժորդան Բարդելա, Ֆրանսիա. «Թուրքիան դեռևս չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, սակայն պետք է դա անի: Արցախը հիանալի վայր է»:
Ֆրանսուա Ալֆոնսի, Ֆրանսիա. «Հայերն արդեն մեկ անգամ տուժել են Թուրքիայի գործողություններից՝ 100 տարի առաջ: Մենք պետք է ճնշում գործադրենք Թուրքիայի բռնապետի վրա՝ նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառելով»:
Անդրեյ Ջանբարսկի, Բուլղարիա. «100 տարի առաջ հայ ժողովուրդը կրեց Հայոց ցեղասպանության կորուստները: Այսօր էլ անպատիժ մնալով՝ Թուրքիայի բռնապետ սուլթանը փորձում է իրականացնել նույնը: Պետք է գործել, մենք պասիվ ենք: Մեր սրտերը հայերի հետ են, Արարատը պետք է վերադարձվի հայերին»:
Կլարա Պոնտիոս, Իսպանիա. «Մենք պետք է կանգնեցնենք Թուրքիային զենք վաճառելը: Իսպանիան Թուրքիային զենք վաճառողներից մեկն է: Պետք է իրագործվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Եվրոպան պետք է կանգնեցնի զենքի մատակարարումը Թուրքիային»:
Նիկոս Անդրուլակիս, Հունաստան. «Այս պատերազմը պետք է դադարեցվի: Թուրքիան ցեղասպանություն իրականացրած երկիր է: Պետք է թույլ չտալ միջազգային իրավունքի և օրենքների ոտնահարում»:
Իոաննիս Լագոս, Հունաստան. «Այն, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում, Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության շարունակությունն է: Հիմա հարց ունեմ պարոն Բորելին: Մինչև ե՞րբ պետք է մենք հանդուրժենք Թուրքիայի այս անընդունելի պահվածքը: Անցյալում նրա իրականացրած անընդունելի պահվածքը կրկնվում է հենց հիմա: Անցած 16 ամսվա ընթացքում ես Եվրամիությունից միայն բառեր եմ լսում, սակայն գործողություններ չկան: Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին, նա էլ հարվածում է հայ բնակչությանը: Լեռնային Ղարաբաղում ապրել ցանկացող մարդիկ հենց հիմա հարձակման են ենթարկվում: Մենք անհապաղ պետք է գործի դնենք Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ և անհապաղ ֆինանսական և ռազմական օժանդակություն տրամադրենք Հայաստանին: Ես հայտարարում եմ, որ ցանկություն ունեմ միանալու հայկական բանակին՝ կռվելու Ադրբեջանի դեմ»:
Բեռնար Գետա, Ֆրանսիա. «Մենք հիշում ենք հայերի ցավը: Ստալինն այնպես էր արել, որ ԽՍՀՄ անդամ բոլոր երկրներն ունենան առնվազն մեկ ազգային փոքրամասնությամբ բնակեցված շրջան: Պետք է ԱՄՆ և ՌԴ հետ գործենք»:
Պտեր Վան Դալեն, Նիդեռլանդներ. «Պետք է արդեն գործել: Պետք է Անկարայի հանդեպ պատժամիջոց կիրառել: Պետք է կանգնել հայ ժողովրդի կողքին: Ես նրանց կողքին եմ: 1915-ը չպետք է մոռացվի: Մենք պետք է լինենք Հայ ժողովրդի կողքին»:
Մալիք Ազմանի, Նիդեռլանդներ. «Ինչո՞ւ մինչև հիմա Թուրքիայի կողմից ահաբեկիչների ուղարկումը հակամարտության գոտի չի հաստատվել և չի դատապարտվել: ԱՄՆ-ը այդքան հզոր հետախուզական ծառայություններ ունի: Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Պարոն Բորել, Դուք պատասխանատու են Եվրոպայի հուժկու պատասխանները պատրաստելու համար»:
Պետար Վիտանով, Բուլղարիա. «Ես այսօր տեսա երիտասարդ հայերին՝ իրենց դրոշներին: Տեսնում ենք, որ սա իրոք վերածվում է միջպետական հակամարտության: Թուրքիան չի դադարեցնում ռազմական հռետորաբանությունը: ՆԱՏՕ-ն նույնպես պետք է միանա: Ռուսաստանը նույնպես»:
Լուկաս Ֆուրլաս, Հունաստան. «Նկարները, որոնք տեսնում էինք, շատ տխուր էին: Բազմաթիվ մարդիկ սպանվել են: Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ մարդկանց է սպանում: Որքա՞ն պետք է մենք հանդուրժենք հայերի՝ ագրեսիայի ենթարկվելը: Երեկ Էրդողանը թքեց Եվրոպայի երեսին Ֆամագուստայում տեղի ունեցող իրադարձություններով: Հայերը սարսափելի ցեղասպանություն են տեսել: Ժամանակն է դատապարտել այդ ամենը»:
Ժոֆրի Դիդիե, Ֆրանսիա. «Ի՞նչ է անում Եվրոպան: Թուրքիան հայերին ցեղասպանության է ենթարկել: Ի՞նչ ենք անում մի երկրի ղեկավարի հանդեպ, որը ցանկանում է սրբել մեր արժեքները: Անընդունելի է շարունակել Թուրքիայի անդամակցության հարցը: Եվրոպան խաղալիք չէ, և մեր արժեքները ոտնահարելն անընդունելի է»:
Լեֆտերիս Խրիստոֆորու, Հունաստան. «Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ այսօր ահաբեկիչների է բերել տարածարջան: Մարդիկ աչքերը փակեցին Հայոց ցեղասպանության, հույների և այլյ ազգերի ցեղասպանության հանդեպ՝ չընդունելով Թուրքիայի հանցագործությունները: Հայաստանի ժողովուրդը մեր արժեքների կրողն է, և նրանք պետք է զգան մեր աջակցությունը: Պետք է դտապարտել Ադրբեջանի և Թուրքիայի արածները: Մենք բոլորս հայ ենք ասատարելով խիզախ հայ ժողովրդին»:
Աննա-Միշել Ասիմակապուլո, Հունաստան. «Հունաստանը նախօրեին արգելեց նեոնացիստ կուսակցւոթյունը, որը հանցագործություն էր քարոզում: ԵՄ-ն չկանգնեցրեց Հիտլերին, տեղի ունեցավ Հոլոքոստը, պետք է կանգնեցնել Էրդողանին՝ թույլ չտալու համար նոր հանցանքներ: Ալիևին և Էրդողանին պետք է պատժել»:
Մարիա Սպիրակի, Հունաստան. «Կոնֆլիկտը հրահրել է Թուրքիան: Հայերն այնտեղ դարեր ի վեր խաղաղ ապրել են»:
Ջոզեֆ Բորել. «Ուղերձը հստակ է, այն կրկնվեց 65 անգամ: Մենք պետք է որոշում կայացնենք արագորեն: Եվրոպական խորհուրդը պետք է որոշում կայացնի, սակայն նրանք արդեն ասել են, որ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բռնությունները: Մենք մտահոգ ենք, որ երեկ Թուրքիայի նախարարը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին, առավել մտահոգիչ էր Ադրբեջանի նախարարի հայտարարությունը, թե իրենք կանգ չեն առնի, քանի դեռ Հայաստանը չի հանձնվել: Ի՞նչ է նշանակում՝ գործել: Մենք անում ենք այն, ինչ կարողանում ենք: Մենք սատարում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Պետք է Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրել միջամտությունը դադարեցնելու համար»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: