Արցախի Պաշտպանության բանակը փայլուն գործողությամբ ազատագրել է կորցրած դիրքերից մեկը, ինչպես նաև փրկել օրեր առաջ թշնամուն դիմագրաված և, նահանջելու փոխարեն, մոտակա անտառում թաքնված 19 հայ զինծառայողի կյանքերը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի ՛ հայրենակիցներ, Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը»,- գրել է Հարությունյանը:

Արցախի նախագահը հավելել է, որ այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ, արագ նահանջել է:

«Փա՛ռք մեր բանակին: Փա՛ռք Աստծո զորությանը»,- եզրափակել է նախագահը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest