Գիտեք, որ Եվրոպական դատարանն ամսի 29-ին կիրառել էր միջանկյալ միջոց, որում կոչ էր արվել Ադրբեջանին և ՀՀ-ին իրենց գործողություններում պահպանել կոնվենցիայով նախատեսված պահանջները՝ չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը, ենթակառուցվածքներին, խոսքը ՀՀ կողմից ներկայացված դիմումի հիման վրա նման միջանկյալ միջոց կիրառելու մասին է:

Այս մասին հայկական միասնական տեղեկատվական հարթակում կազմակերպված ասուլիսին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Փաստացի մեր ներկայացրած ապացույցների հիման վրա դատարանը փաստել է Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը: Դատարանը նման քայլի գնացել է Հայաստանի կողմից ներկայացված ապացույցները գնահատելու հիման վրա, այլ ապացույց չի եղել դատարանի տրամադրության տակ: Ակնհայտ է, որ այս քայլով փաստացի ամրագրվում է, որ Թուրքիայի ներգրավվածության հանգամանք առկա է: Եվ, բնականաբար, կա այդ ներգրավվածությունը չեզոքացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կոչ»։

Նա նշեց, որ դրանից հետո ամենօրյա ռեժիմով դատարան են ներկայացրել ապացույցներ Ադրբեջանի կողմից թույլ տրված թե՛ կոնվենցիոն, թե՛ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների մասին:

«Վերջին թարմացումը երեկ է ուղարկվել, Այսօր էլ կուղարկենք նոր թարմացումներ դատարանին, որ ցույց տրվի Ադրբեջանի կողմից տոտալ անտեսումը թե՛ մարդասիրական իրավունքի, թե՛ կոնվենցիոն պահանջների»,- ասաց նա:

Կիրակոսյանը նշեց, որ դատարանին խնդրանք են ներկայացրել, որ միջանկյալ միջոց կիրառի նաև Թուրքիայի դեմ:

«Հաշվի առնելով Թուրքիայի մասնակցության վերաբերյալ արդեն միջազգային մամուլում առկա տվյալները, ինչպես նաև տարբեր պետությունների ղեկավարների և ԱԳ նախարարությունների կողմից արված հստակ հայտարարությունները, վերջինը երեկ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության կողմից արված հայտարարությունն էր Թուրքիայի կողմից Սիրիայի և Լիբիայի տարածքից վարձկաններ և ահաբեկիչներ Ղարաբաղ տեղափոխելը, այդ նպատակով ներկայացրինք խնդրանք դատարանին, որ միջանկյալ միջոց կիրառի նաև Թուրքիայի նկատմամբ»,- ասաց նա և նշեց, որ արդեն ստացել են դատարանի որոշումը, որով հղում է կատարվում ամսի 29-ի որոշման վրա՝ կոչ է անում բոլոր պետություններին, այդ թվում նաև՝ Թուրքիային զերծ մնալ գործողություններից:

«Հաջորդ քայլը՝ համաձայն դատարանի կանոնների, հարցը նախարարների կոմիտե տեղափոխելն է, որտեղ ավելի ակտիվ քննարկման կարող է դրվել, նույնը վերբերում է նաև Թուրքիայի վերաբերյալ որոշմանը: Վճռի մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ հիմնական գանգատ կներկայացնենք, որովհետև մենք դեռ ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հետ կապված հիմնական գանգատ չենք ներկայացրել»,- ասաց Կիրակոսյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest