Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։

Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից»,- գրել է նա:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest