Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր: Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար: Այս մասին գրել  ԱՀ նախագահը:

Նա նշել է, որ թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:

«Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում»,-գրել է նա:

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հայկական զինուժը հարվածել է Գյանջայի ռազմական օդանավակայանին։

«Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»,– գրել է նա:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր: Նա նշել էր, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները:

«Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,– գրել էր նա։

Pin It on Pinterest