ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը այսօր կամավորների հետ մեկնում է Արցախ: Նա կոչով դիմել է քաղաքացիական և նախկին զինվորականներին. «Այլևս ժամն է՝ մեկնելու առաջնագիծ, բոլորս ի զեն՝ մղելու մեր սուրբ պատերազմը: Ես, անձամբ ոտքի եմ կանգնած այս պահին՝ ինձ հետ պատրաստ կամավորներով շարժվելու դեպի Արցախ, ժողովուրդն ու բանակը ունեն մեր կարիքը, ողջ աշխարհասփյուռ հայությանը կոչ եմ անում՝ դեպի առաջ հայրենյաց հողը պաշտպանելու, այլևս հապաղել չի կարելի»:

Մանվել Գրիգորյանի փաստաբան, «Լև Գրուպ» գրասենյակի ղեկավար Լևոն Բաղդասարյանը մեկնելուց առաջ հանդիպել է Մանվել Գրիգորյանին: Նա մեզ հայտնեց, որ գեներալը շարունակում  է դեղորայք ընդունել:  «Նա մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ: Պարբերաբար օգտվում է արհեստական  շնչառության սարքերից, եթե մեկնի ռազմաճակատ, շարունակելու է օգտվել: Բայց նրան պահելը հնարավոր չի: Նրա կերպը այն է, որ նա չի կարողանա մնալ այստեղ», — նշեց փաստաբանը մեզ հետ հեռախոսազրույցում:

Ի՞նչ եք կարծում, ճիշտ չի լինի այսօրվա պատերազմական իրավիճակում գոնե ժամանակավորապես դադարեցնել քրեական հետապնդումը զինվորականների նկատմամբ: Forrights.am-ի հարցին Լևոն Բաղդասարյանը պատասխանեց.

«Միանշանակ վարույթ իրականացնող մարմինը, կամ Արդարադատության նախարարությունը, եթե դատապարտյալների կարգավիճակ ունեն, պետք է լավ ուսումնասիրեն անձնական գործերը, որովհետև տեղեկատվություն ստացվեց, որ նախկին զինվորականների մեծ մասը ցանկություն է հայտնել Հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարելու: Միանշանակ դա իրավաչափ է: Այս հարթության վրա, կարծում եմ, հարցը հրատապ է: Պետական լիազորված մարմինները պետք է ականջալուր լինի և հնարավորինս արագ այդ հարցերը կարգավորեն»:

Չհեռանալու վերաբերյալ ստորագրությունները քննչական մարմինները ի՞նչ կարգով կարող են չեղարկել, չէ որ մարդիկ մեկնում են Արցախ, որը այլ պետություն է համարվում: «Ստորագրության հետ կապված լիազոր մարմինը ընդամենը տալիս են համաձայնություն: Եւ վերջին հաշվով, վաղուց ենք հասկացել, որ Արցախը Հայաստան է», — նշեց փաստաբանը հարցին պատասխանելով:

Լևոն Բաղդասարյանը հայտնեց նաև, որ իր մյուս պաշտպանյալը՝ Նորք-Մարաշում հայտնաբերված զինյալ խմբի ղեկավար, ազատամարտիկ Արթուր Վարդանյանը առաջնագծում է: «Արթուր Վարդանյանը հենց առաջին օրվանից իր կամավորների հետ առաջնագծում է: Պետական մակարդակով դիմեցին և գնացին», — նշեց Բաղդասարյանը:

Նախկին բարձրաստիճան զինվորականների՝ Սեյրան Օհանյանի, Մանվել Գրիգորյանի, Յուրի Խաչատուրովի, Սամվել Բաբայանի քրեական հետապնդումը դադարեցնելու անհրաժեշտության հարցը ակտուալ է նոր արցախյան պատերազմի առաջին օրից: Սեպտեմբերի 27-ին այն բարձրացրեց պաշտոնաթող գեներալ – լեյտենանտ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի պատվավոր նախագահ Հայկ Քոթանջյանը:

Նա պաշտոնական դիմում էր ուղարկել ՀՀ Նախագահի և ՀՀ Վարչապետի գրասենյակներ, որում նշել էր. «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախում պատերազմի սանձազերծումը, որը վերջին մեկ ամսվա ընթացքում հայտարարվող Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից համատեղ պատերազմի ուղղակի սպառնալիքի իրականացումն է, ինչպես նաև ուխտադրուժ թշնամու դեմ պայքարում հայ ժողովրդի բոլոր ուժերի համախմբման և ադրբեջանական ագրեսիայի՝ տարածաշրջանային պատերազմի վերաճման կանխման անհրաժեշտությունը, խնդրում եմ Ձեզ ընդունել որոշում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների, Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, և 2008 թ. մարտի մեկի գործով անցնող գեներալների և պաշտոնատար անձանց համաներման վերաբերյալ»։

 ԼՂՀ և ՀՀ նախկին պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ- մայոր Սեյրան Օհանյանը, հիշեցնենք, մեղադրվում է  երկու գործերով՝ առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում կատարելու, ինչպես նաւ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար: Երկու մեղադրանքներն էլ նա չի ընդունում։

ԵԿՄ  նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ- լեյտենանտ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու համար:

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Սամվել Բաբայանը 2017 թվականից մեղադրյալի, այնուհետև ամբաստանյալի կարգավիճակում է: Նրան մեղսագրվում է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելը՝ մեղադրանք, որը պատերազմական իրավիճակում անհեթեթ է թվում:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար,  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը, որը ժամանակին աշխատել է պաշտպանության նախարարությունում, Յուրի Խաչատուրովի ենթակայության ներքո, համարում է, որ կարող ես լավ սպառազինություն ձեռք բերել, բայց կադրային ռեսուրս հնարավոր չէ գնել:

«Չես կարող փող տալ, լավ կադրեր առնել: Դրանք անգին են: Յուրի Խաչատուրովը ամենափորձառու, ամենապատրաստված սպաներից է Հայաստանում: Նա սովետական սպաների պատրաստման դպրոց է անցել, որը  նույնիսկ ռուսականի հետ չես համեմատի: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իոսիֆ Ստալինը ազատեց շատ փորձառու սպաների, որոնք հայտնվել էին ճաղերի հետևում, ու ուղարկեց ռազմաճակատ: Եթե աշխարհի ամենադաժան բռնապետերից մեկը դա անում է, Հայաստանը ո՞նց չի անում: Ինչպե՞ս կարելի է երկրի անվտանգությունը փոխել քաղաքական ամբիցիաների հետ», — հարցնում է փորձագետը:

Վան Համբարձումյանը խորհուրդ է տալիս հետ բերել փորձառու զինվորականներին, որոնք վաղուց գիտեն ադրբեջանական զինուժը, գոնե ժամանակավորապես դադարեցնել նրանց նկատմամբ քրեական հետապնդումն ու լռեցնել ատելության խոսքը: «Մարդիկ չեն պատկերացնում ստեղծված իրավիճակի վտանգի չափը: Հայաստանը փաստացի ռմբակոծում են, բայց մարդիկ  մտածում են՝ սրան չնստացրեցին, նա ինչպես գնաց Ղարաբաղ, եթե չհեռանալու ստորագրություն էր տվել: Այնքան են ատելություն ներարկել», — ասում է նա:

«Իրավիճակը ենթադրում է ամնիստիա: Կենաց և մահու պայքար է, ու ամենինչ ու ամեն ոք պիտանի պետք է դառնա: Սա այդ մարդկանց համար նաև փրկօղակ է, իրենց մարդկային կոդով ներկայանալու հնարավորություն», — գտնում է հրապարակախոս, լրագրող, «Մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Ազարյանը:

Ըստ նրա, նոր իրավիճակ է ստեղծվել, երբ ամեն միավոր ոսկու գին ունի: «Ինչ էլ ասվի, ինչ պիտակ, կամ որակում էլ տրվի, նրանց չի  կարելի համարել հայրենիքի դավաճան: Նրանք կյանք են դրել իրենց հոգեզավակի՝ արցախյան գոյամարտի համար: Բայց ցավոք, իրադարձությունները այլ հուն ունեցան: Նրանց դիտարկել որպես քրեական տարր առնվազն ծիծաղելի է: Կարող է, իրավիճակը հետայսու փոխվի: Հնարավոր է, որ այս պատերազմից հետո շատերը, ովքեր  խոտոր  ճանապահին էին հայտնվել, հետ գան», — ասում է Արթուր Ազարյանը:

Նա նաև հիշեցնում է, որ Տիգրան Մեծի ժամանակներում ձայնարկու գնդեր են եղել: «Այդ գնդերում հավաքում էին բամփ ձայնով մարդկանց, որոնք գոռում էին, ու տպավորություն էր ստեղծվում, թե զորք է գալիս: Կենսափորձ ունեցող զինվորականներն այս նույն սկզբունքով կարող են օգտակար լինել: Նրանց ներկայությունը «դուխ» է տալիս, ոգևորում է զինվորիներին»:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest