ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին դեռևս օգոստոսի 6-ին Ադրբեջան ճանապարհորդելուց հրաժարվելու խորհուրդ էր տվել, քանի որ Ադրբեջանում առկա էր ահաբեկչության վտանգ: «Ադրբեջանում առկա է երկարաժամկետ ռիսկ ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք շարունակում են պլանավորել հնարավոր հարձակումներ Ադրբեջանում:
Ահաբեկիչներն առանց նախազգուշացնելու կարող են թիրախավորել մասնավորապես զբոսաշրջային վայրեր, տրանսպորտային հանգույցներ, շուկաներ/առևտրի կենտրոններ, տեղական իշխանության կառույցներ, հյուրանոցներ, ակումբներ, ռեստորաններ, պաշտամունքի վայրեր, այգիներ, խոշոր մարզական և մշակութային միջոցառումներ, կրթական հաստատություններ, օդակայաններ և այլ հասարակական վայրեր»,- նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի նախազգուշացման մեջ։
Ի հավելումն ԱՄՆ-ի կառավարությունն իր քաղաքացիներին հիշեցրել էր նաև Ադրբեջանում COVID-19-ի վտանգի մասին:
Բացի դրանից, ԱՄՆ պետդեպը նշել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհերի գրանցման մասին: Պարբերական կրակոցները և հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ ականներն ու ականանետերը, հանգեցնում են մահվան և վիրավորների: «Խուսափեք շփման գծի մոտակայքում գտնվող և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մոտ ճանապարհներից: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չի լինի արտակարգ ռեժիմով ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարությունն արգելում է իր աշխատակիցներին ճանապարհորդել այնտեղ»,-նշված էր հաղորդագրության մեջ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: