Արցախի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը, Թուրքիան և իրենց սատարող ահաբեկիչները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը: Այս մասին հոկտեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, նշելով, որ այդ իրավունքը խախտվում է, երբ վերոնշյալ եռյակը թիրախավորում է Արցախի քաղաքացիական բնակչությանը:
«Ադրբեջանը, Թուրքիան և իրենց սատարող ահաբեկիչները խախտումներ են կատարել միջազգային իրավունքների` թիրախավորելով Արցախի քաղաքացիական բնակչությանը, քաղաքներն ու գյուղերը, որի հետևանքով ունեցել ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ: Միջազգային հանրությունը կոչ է արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը, բայց Թուրքիան ու Ադրբեջանը լկտիաբար մերժում են միջազգային հանրության կոչը»,- ասաց Մայիլյանը:
Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի դեմ ահաբեկիչների ու վարձկանների կռվելու փաստերը հավաքվում են և դրանք անպայման կհասցվեն համապատասխան կառույցներին:
«Ադրբեջան, Թուրքիա և ահաբեկիչներ եռյակ դաշինքը վտանգ է ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլև տարածաշրջանի այլ ժողովուրդների համար: Մեր բանակը հերոսաբար կռիվ է տալիս, կանգնեցնում է Ադրբեջանի, Թուրքիայի ու ահաբեկիչների գրոհները: Ադրբեջանը հիմա մարիոնետի դերում է Թուրքիայի ձեռքում»,- ասաց Մայիլյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից հրադադարի հասնելու ջանքերին, Մայիլյանը նշեց, որ ՌԴ-ն հիմնական աշխատանքները պետք է տանի Թուրքիայի հետ, ինչն ավելի է բարդացնում խնդիրը:
«Ռուսաստանը ջանքեր է թափում այդ ուղղությամբ: ՌԴ ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է ՀՀ ԱԳՆ-ի հետ, երեք անգամ հեռախոսազրույց է եղել Փաշինյանի ու Պուտինի միջև, կա եռանախագահ երկրների հայտարարությունը նախագահների մակարդակով, որտեղ կա նաև Պուտինի ստորագրությունը: Այս պատերազմում մենք ունենք նոր գործոն` Թուրքիայի գործոնը, եթե Ռուսաստանն ավելի հեշտ կարող է համոզել Ադրբեջանին, որ համաձայնեն գնալ խաղաղ ճանապարհով, հիմա ավելի դժվար է համոզել Էրդողանին: Ավելի խոշոր խաղացող է հայտնվել Հարավային Կովկասում, բայց մենք անպայման կարողանալու ենք զսպել Ադրբեջանին և Թուրքիային»,- նշեց Մասիս Մայիլյանը:
Արցախի ԱԳ նախարարը նկատեց, որ հրադադարի հաստատման և բանակցությունների համար առնվազն պետք է վերականգնվի առաջնագիծը, իսկ Ադրբեջանը որևէ տարածք չպետք է ձեռք բերի այս պատերազմի ընթացքում:
«Մենք առնվազն պետք է վերականգնենք առաջնագիծը, պետք է վերականգնվի 1994թ. այն գիծը, որը հաստատվել էր կողմերի միջև: Այդ գիծը խախտվել է 2016թ., այդ գծի խախտման պատճառով է, որ Ադրբեջանն իրեն թույլ տվեց 4 տարի անց նոր պատերազմ սկսել: Որևէ տարածք Ադրբեջանը չպետք է ձեռք բերի այս պատերազմի ընթացքում»,- ասաց Մայիլյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: