Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 2-ին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որպեսզի քննարկի սիրիացի զինյալների՝ Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխելու խնդիրը։ Այս մասին տեղեկացնում է Sputnik-ը:

«Ես առաջիկա մի քանի օրվա ընթացքում կզանգահարեմ նախագահ Էրդողանին, քանի որ հավատում եմ, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է բացատրություններ պահանջի այս հարցի վերաբերյալ»,-ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը նշել է նաև, որ հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ տեղեկատվություն փոխանակելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Հավատում եմ, կարող եմ ասել, որ ռուսական կողմը նույն կերպ է գնահատում իրավիճակը: Նաև կարծում եմ, որ դա սպառնալիք է Ռուսաստանի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար»,- նշել է Մակրոնը՝ իրավիճակն անընդունելի համարելով:

Ինչպես տեղեկացնում է France 24-ը՝ Մակրոնը նաև ասել է, որ սիրիացի գրոհայինների Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով Թուրքիան կարմիր գիծն անցել է, ինչն անընդունելի է. «Ես ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին կոչ եմ անում հաշվի առնել ՆԱՏՕ-ի անդամի պահվածքը»:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտնել էր, որ 300 սիրիացի գրոհայիններ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սրման ֆոնին Թուրքիայի Գազիանթեփ քաղաքով ուղարկվել են Բաքու:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest