Քաղաքացիական բնակչության շրջանում 4 զոհ կա՝ կին, երեխա, տարեց (լրացված)

216

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ասուլիսի ընթացքում հայտնեց, որ առաջին պահից սկսած, երբ Ադրբեջանը ռազմաօդային և հրետանային հարձակման ենթարկեց Արցախի Հանրապետությունը, ակնհայտ էր, որ թիրախում քաղաքացիական բնակավայրերն են: 

«Ուսումնասիրությունները վստահ ապացուցում են, որ չի դրվում որևէ տարբերակում  քաղաքացիական բնակչության կամ ռազմական օբյեկտների միջև, և դրանով իրական վտանգի տակ են դրվում բնակչության կյանքը, առողջությունը: Առհասարակ կարևոր է նաև արձանագրել, որ այդ հարվածներն ակնհայտ նպատակային են և թիրախավորված են՝ հենց քաղաքացիական օբյեկտներին վնաս հասցնելու համար: 

Այսօր առավոտյան խոսել եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, նաև մի շարք բժշկական հաստատությունների անձնակազմերի հետ, տեղեկացել, որ կա 4 զոհ քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում»,- ասաց Թաթոյանը: 

Նա նշեց, որ մահացածների մեջ կան կին, երեխա և տարեց:

  «Այս գործողություններն ուղեկցվում են նաև քաղաքացիական խաղաղ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին հարվածներ հասցնելու կամ առհասարակ դրանք պարալիզացնելու ուղղությամբ: Խոսքը վերաբերում է, օրինակ՝  կապի միջոցներին, խաղաղ բնակչության տեղաշարժման համար անհրաժեշտ կենսական նշանակության ճանապարհներին և այլն»,- ասաց Թաթոյանը: 

Քիչ անց Թաթոյանը հայտնեց նաև քաղաքացիական չորս զոհերի անունները․

1. Վիկտորիա Գևորգյան, Մարտունի քաղաք, ծնվել է 2011թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իրենց տան բակում: Միաժամանակ վիրավորումներ են ստացել նաև Վ. Գևորգյանի մայրն ու եղբայրը:
2. Էլլադա Բալայան, Մարտունի քաղաք, ծնվել է 1961թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իր տան բակում:
3. Լեսմոնիա Ստեփանյան, Հադրութ քաղաք, ծնվել է 1941թ., սպանվել է անօդաչու թռչող սարքի հարվածից իր բնակարանում: Լ. Ստեփանյանը 1992թ. կրկին իր տան բակում ականի պայթյունից կորցրել էր ձեռքը, այնուհետև պատերազմում զոհվել է նրա որդին:
4. Էրիկ Գրիգորյան, Ստեփանակերտ քաղաք, ծնվել է 1996թ., սպանվել է հրետակոծության հետևանքով Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի մոտակայքում: