33 օր հացադուլի և բերանը կարված վիճակում «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Տիգրան Բադալյանն օրեր առաջ լսեց իր դատավճիռը․125 հազար ՀՀ դրամ վնաս հասցնելու մեջ մեղադրվող Տիգրանը դատապարտվեց 4 տարի 3 ամիս ազատազրկման․
«Թևերի տակ ընկած բերեցին դատարան, թույլ, նվազ, ոտքերն ու ձեռքերը վիրակապերով, բերանն էլ՝ կարած։ Էդ վիճակով տղես եկավ դատարան, մարդիկ էլ շատ հանգիստ կատարեցին այն, ինչը հրահանգված էր իրենց»,- Forrights-ի հետ զրույցում բավականին հուզված ասաց մայրը՝ տիկին Մարինեն։
Փաստաբան Կարլեն Ավագյանի դիտարկմամբ՝ նշանակված խիստ պատժաչափը ո՛չ իր, ո՛չ էլ իր պաշտպանյալի համար անակնկալ չէր, քանի որ Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանը հենց ամենասկզբից էլ ցույց էր տալիս, որ Տիգրան Բադալյանը, միևնույն է, դատվելու է․
«Մեր իրականության մեջ կան դատավորներ, որոնց համար օրենքն էական չէ, իրենք միայն ֆիզիկական գործողություններ են կատարում։ Եվ այդ դատավորների շարքին է դասվում նաև Թաթուլ Պողոսյանը։ Տիգրանի համար էլ էր վճիռը սպասելի։ Երբ վերջին դատական նիստին, անգամ այդ առողջական վիճակով, պաշտպանյալիս խափանման միջոցը դատարանը չփոխեց, արդեն պարզից էլ պարզ էր նման տխուր վերջաբանը»,- Forrights-ի հետ զրույցում նշեց պաշտպան Ավագյանը։
Տիգրան Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1 կետով՝ գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով։ Ըստ մեղադրանքի՝ Տիգրանն իր համագյուղացու բնակարանի պատուհանը բացելով և ապօրինի մուտք գործելով բնակարան՝ այնտեղից գողացել է զգալի չափերով’ 10.000 ՀՀ դրամ գումար, իսկ բաց դռնից մուտք գործելով նկուղ, այնտեղից գողացել է սառնարանի համար նախատեսված, 115.000 ՀՀ դրամ ընղհանուր արժողությամբ թվով 5 այլումինե թիթեղներ, որոնք նույն օրը’ երեկոյան, 15.000 ՀՀ դրամով վաճառել է մեկ այլ համագյուղացու։
Քրեական գործում, սակայն, չկան ապացույցներ կամ վկաներ, որ գողությունը կատարել է Տիգրանը։ Ամբաստանյալն ընդունել է, որ թիթեղներն ինքն է վաճառել, սակայն ժխտում է, որ մտել է հարևանի տուն և գողացել դրանք։ Նրա պնդմամբ՝ թիթեղները վերցրել է պատի հետևից և վաճառել հենց իրենց գյուղում գտնվող մետաղների ընդունման կետ։ Պաշտպանը, ի թիվս այլ փաստերի, նաև դատարանի ուշադրությունը հրավիրեց այդ հանգամանքին՝ եթե Տիգրանն իրոք կատարած լիներ գողությունը, արդյո՞ք կհանձներ հենց իրենց գյուղի ընդունման կետը․
«Գործում ապացույցների ամբողջական անբավարարություն է։ Չկա որևէ ապացույց, որ Տիգրան Բադալյանը մուտք է գործել բնակարան կամ գողացել է այդ թիթիղները։ Այս մասին ասել է նաև տուժող կողմը։ Իրենց ցուցմունքներով նրանք հայտնել են, որ վստահ չեն՝ արդո՞ք հարևանն է մուտք գործել իրենց տուն։ Դատարանի միակ փաստարկն այն է, որ հենց Տիգրանն է վաճառել թիթեղները։ Նշում են, իբր, եթե ինքն է վաճառել, ուրեմն ինքն էլ գողացել է։ Աբսուրդ էլի․․․»։
Պաշտպանական կողմը, դատավճիռը ստանալու և դատարանի կողմից փաստական հանգամանքներին ծանոթանալուց անմիջապես հետո, բողոքարկելու է Վերաքննիչ դատարան։
Մինչ այդ, պաշտպանի հորդորով, Տիգրանն այսօր դադարեցրել է տևական ժամանակ հայտարարած հացադուլը։ Նրան պատրաստվում են տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»՝ ստացիոնար բուժման։
Որդու վիճակով բավականին անհանգստացած մայրը չի դադարեցնելու արդարության համար պայքարը։ Նա չի պատրաստվում «քննիչի համոզմունքի պատճառով, Տիգրանին դատապարտյալի կարգավիճակում տեսնել»․
«Փողոցում գտած ապրանքի համար նման վճի՞ռ են կայացնում։ Ոչ փաստ կա, ոչ վկա, ոչինչ չկա, որի հիման վրա նման խիստ պատիժ տային տղայիս։ Այդ նույն օրը, երբ գտել էին թիթեղները, ամուսինս գնաց ու էդ տուժող ընտանիքին հետ վերադարձրեց գումարը։ Հիմա ի՞նչ՝ քննիչի ներքին համոզմո՞ւնքն ա, որ եթե մարդ փոխհատուցում ա, ուրեմն ինքն ա կատարել հանցանքը։
Մենք պայքարելու ենք մինչև վերջ, չենք հանձնվելու, էն էլ էս պատերազմի ժամանակ, երբ իմ որդին պետք ա իր հայրենակիցների հետ սահմանին լիներ, ոչ թե՝ ճաղերի հետևում»։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: