Երկրորդ օրն է՝ Սահմանադրական դատարանում շարունակվում է նախագահի ընտրության նիստը։ Դատավորներն այսօր էլ մինչև օրվա առաջին կես քննարկել են այն լրատվամիջոցների համար դռնբաց անցկացնելու հարցը։

Նիստի մեկնարկից երկու ժամ անց դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողներին փոխանցեց, որ դեռ չեն հասել ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությանը։ «Կարծես մոտենում ենք հարցի քննարկման ավարտական փուլին, թե ինչ արդյունք կլինի, չեմ ուզում ենթադրություններ անել», — նշեց Շաթիրյանը:

Լրագրողների հարցին էլ, թե օրակարգում այլ կազմակերպչական հարցեր կա՞ն, դատավորը պատասխանեց. «Կարծում եմ այնուհետև արդեն անցում կկատարվի թեկնածուների առաջադրմանը»:

Էդգար Շաթիրյանը վստահեցրեց՝ օրվա երկրորդ կեսին քննարկվելու է գլխավոր հարցը՝ նախագահի ընտրությունը։ Թեկնածուների մասին որևէ տեղեկություն չհայտնեց: Ասաց, որ անունները հայտնի կլինեն նիստի ընթացքում, երբ թեկնածուները առաջադրվեն։

Մինչ պաշտոնական առաջադրումը մամուլում գրվել է Երվանդ Խունդկարյանի և Արման Դիլանյանի թեկնածության մասին։ Ըստ հրապարակումների, Խունդկարյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանում միանշանակ չի ընդունվել, և որպես այլընտրանք համարվում է Արման Դիլանյանը։ Այդուհանդերձ, ինքը՝ Դիլանյանը, այսօր դատարան մտնելիս ասաց՝ իր համար բարձր դատարանի նախագահի պաշտոնը գրավիչ չէ։

«Իմ կարծիքով ամենևին գրավիչ չէ, թե ինչպես հետո կզարգանան իրադարձությունները, չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ՝ շատ դժվար է համատեղել Սահմանադրական դատարանի դատավորի մասնագիտական աշխատանքը, որը մեծ պատասխանատվություն է ենթադրում և հսկայական ժամանակ է խլում քեզանից, համատեղել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի հետ», — նշեց Դիլանյանը:

Մինչև նիստը դատավորները փակագծեր չբացեցին, թե ում են համարում Սահմանադրական դատարանի ղեկավարի պաշտոնին արժանի թեկնածու։ Նախկին նախագահ Հրայր Թովմասյանն էլ է մասնակցում նիստին և լրագրողներին հորդորեց նախագահի հարցին մեծ կարևորություն չտալ։

«Դարի հարց մի դարձրեք, անգամ օրվա հարց մի դարձրեք, որովհետև Սահմանադրական դատարանի նախագահը իր հիմնական ֆունկցիան իրականացնելիս ոչնչով չի տարբերվում Սահմանադրական դատարանի մյուս դատավորներից: Ընդամենը ունի մեկ առաքելություն՝ Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը ապահովելը և ընտրությունը պետք է կատարվի այդ ասպեկտով», — ընդգծեց Թովմասյանը:

Հրայր Թովմասյանն էլ չհստակեցրեց՝ ում թեկնածությանը կողմ կքվեարկի, բայց չթաքցրեց, թե ինչ չափանիշներով է առաջնորդվելու. «Ես իմ քվեարկությունը կատարելիս առաջնորդվելու եմ երեք ասպեկտով, երեք գործոն իմ համար էական նշանակություն ունի, դա պրոֆեսիոնալ հատկանիշներն են, ինքը և՛ ներսում, և՛ դրսում մասնագիտական առումով պետք է հեղինակություն լինի, սա շատ կարևոր է Սահմանադրական դատարանի նախագահի համար: Երկրորդը իր մարդկային հատկանիշներն են, թե որքանով է ինքը ունակ Սահմանադրական դատարանում իրականում ապահովել այնպիսի մթնոլորտ, որ հնարավորություն տա մարդկանց աշխատել: Երրորդը վարչական, կազմակերպչական ունակություններն են»:

Սահմանադրական փոփոխությունները, որոնց արդյունքում ձևավորվել է նոր կազմ և ընտրվում է նոր նախագահ, Թովմասյանը առ ոչինչ էր համարել։ ՍԴ նախկին նախագահից հետաքրքրվեցինք՝ գործընթացների օրինականությունը կասկածի տակ դնելով հանդերձ աշխատանքը շարունակելը ու նիստին մասնակցելը արդյոք չի՞ հակասում իր սկզբունքներին։ «Դրանք այն հարցերն էին, որոնք շատ ավելի խորքային պատասխան են ակնկալում», — պատասխանեց Թովմասյանը:

9 դատավորներն էլ մասնակցում են այսօրվա նիստին: Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու համար 5 քվեն էլ բավարար է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest