«Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից բացատրական աշխատանքներ տանելուց հետո, հանվել են կալանավոր Տիգրան Բադալյանի ոտքերի մեխերը»,- քիչ առաջ Forrights-ին փոխանցեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Մեխերը հանելուց անմիջապես հետո, Տիգրանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնության ստանալուց հետո, կրկին հետ է վերադարձվել «Արմավիր» ՔԿՀ։

Հիշեցնենք, որ կալանավորը երեկ էր նման խիստ ծայրահեղ քայլի դիմել՝ «հանուն արդարության, որ ապացուցի իր անմեղությունը»։ Մինչ այդ 30-ամյա Տիգրանը կարել էր բերանը, կտրել երակները, ջրադուլ հայտարարել, իսկ օգոստոսի 26-ից մինչ օրս գտնվում է անժամկետ հացադուլի մեջ։

Մայրը տղայի վիճակը ծանր է գնահատում։ Նրա փոխանցմամբ՝ որդին առանց այդ էլ առողջական խնդիրներ ունի, իսկ մեկ ամիս տևողությամբ հացադուլը շատ վատ ավարտ կարող է ունենալ․

«Դեռ նախորդ հացադուլից, որը մոտ 20 օր տևեց, Տիգրանս 25 կգ նիհարել էր, բացի դա՝ լյարդի հետ էլ խնդիր ունի, էդ ժամանակ անգամ տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»։ Պարբերաբար կրկին վատանում է, տանում են Էջմիածնի հիվանդանոց ու հետ բերում։ Էս կորոնայի պայմաններում, իմ վատառողջ տղուն էն վիճակում են դնում, որ ստիպված էսպիսի քայլերի ա գնում՝ իր անմեղությունն ապացուցելու համար»,- ասում է հուսալքված մայրը։

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ են կալանավորի արարքի մասին և արագ արձագանքման խումբ է մեկնել ՔԿՀ։ Այցի մասին օրվա ընթացքում հաղորդագրություն կտարածեն։

Օրեր առաջ Forrights-ը կապ էր հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ պարզելու Տիգրանի այժմյան առողջական վիճակը և քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու անհրաժեշտության հրատապությունը։ Կենտրոնը․ այնինչ, ստացիոնար բուժում նշանակելու անհրաժեշտություն չի տեսնում։ Մեզ հետ զրույցում ՊՈԱԿ-ից նշեցին, որ կալանավորի առողջական վիճակը գնահատվում է բավարար․ տրամադրվում է մշտական բժշկական օգնություն և «ներկայում քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու և ստացիոնար  պայմաններում բուժում նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է»։

Տիգրան Բադալյանի պաշտպան Կարլեն Ավագյանի դիտարկմամբ՝ իր պաշտպանյալը հացադուլի, ջրադուլի, բերանը կարելու, ապա ոտքերը հատակին մեխելու ծայրահեղ միջոցների է դիմել, հաշվի առնելով, որ գոնե այս եղանակով իր գործի հետ կապված հանրային հնչեղություն կլինի և պատկան մարմիններն ուշադրություն կդարձնեն․

«Ես համոզված եմ, որ իմ պաշտպանյալն անմեղ է։ Այս դեպքով ես ոչ թե պաշտպանական գործառույթ եմ իրականացնում, այլ կենացմահու պայքար եմ մղում ճշմարտության և ստի միջև։ Միայն պայմանական ենթադրությունների վրա մարդկանց դատելը բխում է նաև մյուս գործերի արդյունավետությունից։ Գործում չկան ապացույցներ, որ գողությունը կատարել է Տիգրանը։ Դրանք ընդամենը վարույթն իրականացնող մարմնի ենթադրություններն են։ Տուժողն անգամ նշում է, թե չի կարող ասել՝ գողություն կատարողը Տիգրա՞նն է, թե ոչ»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Ավագյանը։

Փաստաբանը հայտարարում է՝ եթե դատարանն անարդարացի որոշում կայացնի, գործը բողոքարկելու է ոչ միայն հայաստանյան ներպետական ատյաններ, այլև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հավելենք, որ Տիգրանն ամուսնացած է, իր խնամքին ունի մեկ անչափահաս՝ 3 տարեկան երեխա։

Ռոզա Վարդանյան


Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest