29 օր հացադուլի, բերանը կարված վիճակում գտնվող «Արմավիր» ՔԿՀ կալանավոր Տիգրան Բադալյանն այսօր ծայրահեղ քայլի է դիմել․ նա մեխել է ոտքերը խցի հատակին։

Այս մասին Forrights-ին ահազանգեց նրա մայրը՝ տիկին Մարինեն, ով հազիվ էր խոսում։ Նա միայն կարողացավ փոխանցել որդու խոսքերը՝ եթե ես չեմ գողացել, ինչի՞ գնամ նստեմ․

«Չկատարած հանցանքի, գտած ապրանքի համար էս օ՞րն են գցում մարդուն, որ իր կյանքի վրա էսքան խաչ քաշի։ Ո՞ւր ա արդարությունը, ո՞ւր ա․․․Փրկեք տղուս, աղաչում եմ»։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ են կալանավորի արարքի մասին և այս պահին արագ արձագանքման խումբն արդեն մեկնել է ՔԿՀ։

Քրեակատարողական ծառայությունը տեղեկացրեց, որ այս պահին Տիգրանի հետ կատարվում են Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից համապատասխան բացատրական աշխատանքներ։

Տիգրանն ինքն էլ ասում է, որ առանց այդ էլ վատ առողջությունը էլ ավելի է վատթարացնում «հանուն արդարության, որ ապացուցի իր անմեղությունը»։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1 կետով՝ գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Տիգրանն իր համագյուղացու բնակարանի պատուհանը բացելով և ապօրինի մուտք գործելով բնակարան՝ այնտեղից գողացել է զգալի չափերով’ 10.000 ՀՀ դրամ գումար, իսկ բաց դռնից մուտք գործելով նկուղ, այնտեղից գողացել է սառնարանի համար նախատեսված, 115.000 ՀՀ դրամ ընղհանուր արժողությամբ թվով 5 այլումինե թիթեղներ, որոնք նույն օրը’ երեկոյան, 15.000 ՀՀ դրամով վաճառել է մեկ այլ համագյուղացու։

Պաշտպան Կարլեն Ավագյանի դիտարկմամբ՝ իր պաշտպանյալը հացադուլի, ջրադուլի, բերանը կարելու, ապա ոտքերը հատակին մեխելու ծայրահեղ միջոցների է դիմել, հաշվի առնելով, որ գոնե այս եղանակով իր գործի հետ կապված հանրային հնչեղություն կլինի և պատկան մարմիններն ուշադրություն կդարձնեն․

«Ես միանշանակ համոզված եմ, որ իմ պաշտպանյալն անմեղ է։ Այս դեպքով ես ոչ թե պաշտպանական գործառույթ եմ իրականացնում, այլ կենացմահու պայքար եմ մղում ճշմարտության և ստի միջև։ Միայն պայմանական ենթադրությունների վրա մարդկանց դատելը բխում է նաև մյուս գործերի արդյունավետությունից։ Գործում չկան ապացույցներ, որ գողությունը կատարել է Տիգրանը։ Դրանք ընդամենը վարույթն իրականացնող մարմնի ենթադրություններն են։ Տուժողն անգամ նշում է, թե չի կարող ասել՝ գողություն կատարողը Տիգրա՞նն է, թե ոչ»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Ավագյանը։

Փաստաբանը հայտարարում է՝ եթե դատարանն անարդարացի որոշում կայացնի, գործը բողոքարկելու է ոչ միայն հայաստանյան ներպետական ատյաններ, այլև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան․

«Դատարանն այնպիսի վարքագիծ է դրսևորվում, որով բացահայտ ցույց է տալիս, որ Տիգրանը մեկ է դատվելու է»։

Նշենք, որ այս պահին դատաքննությունը մոտենում է իր ավարտին։ Սեպտեմբերի 25-ին պաշտպանական ճառով հանդես կգա Կարլեեն Ավագյանը, որտեղ կներկայացնի այն փաստերը, որոնք ապացուցում են Տիգրանի անմեղությունը։

Հավելենք, որ նախորդ նիստին, Տիգրան Բադալյանի համար մեղադրող դատախազը 5 տարի ազատազրկում պահանջեց դատարանից։

Այս ողջ ընթացքում Forrights-ի հետ կապի մեջ գտնվող Տիգրանի մայրը՝ տիկին Մարինեն, հույս ունի՝ արդարությունն ի վերջո անպայման կվերականգնվի․

«Ես հանցագործ չեմ թաքցնում։ Եթե իրոք ինքը գողացած լիներ, առաջինը ես կթքեի երեսին ու ձեռքը բռնած ոստիկանություն կտանեի։ 3 տարեկան երեխա ունի, ես էդ երեխուն էդքան տարի ո՞նց եմ պահելու, ի՞նչ եմ ասելու, որ պապադ գնացել անմեղ նստե՞լ ա․․․»։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest