ՍԴ նախագահի որևէ թեկնածու դեռ չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՍԴ-ում աշխատակարգային նիստ է նախատեսված, որի ժամանակ դատավորներն իրենց միջից նախագահ կընտրեն։
Հարցին՝ բացառու՞մ է, որ Հրայր Թովմասյանն ընտրվի ՍԴ նախագահ, Վահե Գրիգորյանն ասաց՝ որևէ այլ մեկնաբանություն չի տա մինչև նիստի ավարտը։
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն իր հերթին նշեց՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի, իր թեկնածությունը չի քննարկվել:
«Այս պահին ո՛չ առաջադրման, ո՛չ չառաջադրման մասով դեռևս որոշում չունենք: Քննարկումը կլինի աշխատակարգային նիստին»:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջադրվի ՍԴ նախագայի պաշտոնում, Խունդկարյանը նշեց. «Այն անձը, որը կընտրվի աշխատակարգային նիստով, փակ-գաղտնի քվեարկությամբ, ուրեմն լուծումը կլինի լրիվ օրենքի պահանջներին համապատասխան:
Խունդկարյանը համամիտ չէ այն տեսակետին, ըստ որի՝ ՍԴ ճգնաժամը հեղափոխությանը հարիր չի լուծվել, որովհետև իր թեկնածությունը խնդրահարույց է եղել:
«Ես համամիտ չեմ, եթե Ազգային ժողովը կատարել է ընտրություն, ուրեմն 3-ի թեկնածությունն էլ համարել են ընդունելի, իսկ ինչ վերաբերում է իմ գործունեությանը, ես 19 տարի դատավորի աշխատանք եմ կատարել և 19 տարվա ընթացքում քննել եմ տասնյակ հազարավոր գործեր, և յուրաքանչյուր անձ իր կարծիքը հայտնելու իրավունք ունի, արտահայտվելու իրավունք ունի»:
Քիչ առաջ Սահմանադրական դատարան եկավ նաեւ դատավոր Հրայր Թովմասյանը: Լրագրողների հարցին՝ ինքնաառաջադրվելո՞ւ է ՍԴ նախագահի պաշտոնում, Թովմասյանը հորդորեց 3-4 ժամ սպասել՝ այդ մասին իմանալու համար: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների մյուս հարցերին:
«Սպասեք մի 3-4 ժամ, ամեն ինչ կիմանաք»,- վստահեցրեց ՍԴ նախկին նախագահը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ն ընտրեց ՍԴ երեք դատավորներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին, Արթուր Վաղարշյանին։ Այսպիսով՝ ՍԴ կազմը ամբողջովին համալրվեց, եւ այսօր նաեւ պարզ կդառնա, թե ով է լինելու ՍԴ նախագահը։ Հավելենք նաեւ, որ ՍԴ նախագահի պաշտոնը թափուր է սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որի արդյունքում Հրայր Թովմասյանը լքեց այդ պաշտոնը՝ դառնալով ՍԴ անդամ: Ներկայումս ՍԴ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է դատարանի ամենատարիքով դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: