Մայիսի 24-ին Էջմիածին համայնքի Զվարթնոց թաղամասի բնակիչ, 58 տարեկան Գևորգ Հովհաննիսյանը իր ծիրանի այգում հարձակման է ենթարկվել: Նա պատմում է, որ այդ օրը կնոջ՝ Անուշի հետ հող էր փորում, երբ այգի եկան անկոչ հյուրեր՝ հարևան Գ-ն եղբոր ու տեղի ջերմոցի տիրոջ՝ Ա. Թ-ի հետ: Հարևանները հին հաշիվներ ունեին, անհամաձայնություն հողային հարցերում, որի պատճառով նախկինում էլ են բախումներ եղել: Այս անգամ բախումն ավելի կոշտ եղավ և քրեական հետևանքներ ունեցավ նաև հարձակման ենթարկվածների համար:
«Երեք տղամարդով հարձակվեցին մեզ վրա: Երկու եղբայր ինձ բռնել էին, մյուս եղբայրը, ավելի երիտասարդ ամուսնուցս, նրան հարվածեց, տապալեց գետնին: Ինձ ճիպոտով հարվածեցին, ոտքով խփեցին դեմքիս: Հազիվ քարշ գալով եկա տեսա, որ տղաներից մեկը նստած ա ամուսնուս դոշին ու հարվածում ա, ասում ա՝ արա խփեք: Սրանք խփում էին ամուսնուս: Հարևաններից մեկն էլ եկել ա, հենվել ա սեղանին ու նայում ա: Ասում եմ՝ եքա մարդ ես, մի հատ օգնիր, նա ֆշշացնելով նայեց երեսիս ու չօգնեց», — պատմում է Անուշ Հովհաննիսյանը: Ծեծվելուց հետո նա մեկ օր անցկացրել է հիվանդանոցում:
Մեզ չհաջողվեց կապվել հարձակվողների հետ: Տեղեկություն ունենք, որ նրանք ևս մարմնական վնասվածքներ ունեն, որոնք արձանագրվել են նախաքննության կողմից:
Գևորգ Հովհաննիսյանը գյուղատնտեսական գործիքի մասով հարվածել է նրանցից մեկի գլխին: Ըստ Անուշ Հովհաննիսյանի, ամուսինն այդ հարվածը հասցրել է, ինքնապաշտպանության նպատակով:
Սակայն այս պատմության ամենաուշագրավ հատվածը իրավապահների գործողություններն են:
Ամուսիններն անմիջապես դիմել են ոստիկանություն, դատախազություն, հաղորդում են ներկայացրել այն մասին, որ հարձակման են ենթարկվել: Ոստիկանների գործողութունն այս իրավիճակում եղել է դեպքն արձանագրելն ու հաշտության կոչեր անելը: Ի դեպ, տեղազննության ժամանակ Անուշին և նրա ամուսնուն չեն հրավիրել:
«Մեզ կանչել է քննիչը, հունիսի 29-ին, ասում է՝ կամ հաշտվում եք, կամ մեղադրյալ եք դառնում, իսկ նրանք՝ տուժող: Իրենք հարձակվեն, իրենք մեզ նվաստացնեն ու իրենք էլ տուժո՞ղ ճանաչվեն», — գանգատվում է իր այգում հարձակման ենթարկված Գևորգ Հովհաննիսյանը:
Իրավապահները կատարեցին խոստումը: Գևորգ Հովհաննիսյանին և նրա կնոջը մեղադրանք առաջադրեցին քրեական օրենսգրքի 117-րդ և 118-ր հոդվածներով՝ «Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը» և «Ծեծը»: Այժմ նրանք երկուսն էլ մեղադրյալի կարգավիճակում են:
27 տարի ամուսինները բնակվել են Ռուսաստանում: Վերադառնալուն պես դիմել են ՀՀ կառավարությանը հայկական անձնագրեր ստանալու խնդրանքով: Անձնագրերը պատրաստ էին, սակայն որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո քաղաքացիություն ստանալու գործընթացը հետաձգվել է անորոշ ժամանակով:
Հարևան Գ-ն և նրա եղբայրը ևս մեղադրյալի կարգավիճակ ունեն:
Հովհաննիսյանների շահերը ներկայացնող հանրային պաշտպան Հայկազ Գալստյանը Forrights.am-ի հետ զրույցում նկատեց. «Նախաքննությունն ընթանում է փոխադարձ ծեծի շուրջ: Տիկին Անուշը հաղորդում է ներկայացրել, որ իրեն ծեծել են: Ամբողջ խնդիրն այն է, որ հենց նրա հաղորդման հիմքով էլ Գևորգ Հովհաննիսյանը դարձել է մեղադրյալ: Կրկնակի դատաբժշկական փորձաքննություն ուզեցինք, քննիչը ներկայացրեց, դատախազը վերացրեց, մենք հիմա գրավոր դիմում ենք տվել, որ քննիչի բացարկի որոշումները վերցնենք, դատախազին էլ ենք ուզում բացարկել, որովհետև գտնում ենք, որ պատշաճ դատախազական հսկողություն չի իրականացվում»:
Գևորգ Հովհաննիսյանը ցուցմունք տալուց հրաժարվում է ի նշան բողոքի իրավապահների գործողությունների դեմ: Նա դիմում-բողոքներ է գրել գլխավոր դատախազին, Արմավիրի դատախազություն, Նիկոլ Փաշինյանին, Մարդու իրավունքների պաշտպանին:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: