«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի 3 աշխատակցուհի կալանավորվել է անչափահաս սաներին ծեծելու և հոգեկան տառապանք պատճառելու հոդվածով

170

Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երեք աշխատակցուհիներին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով):

Դատարանի որոշմամբ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ըստ ոստիկանության՝ մանկատան աշխատակիցները բռնության են ենթարկել սաներին, նրանց խոշտանգել, ծեծել ու անարգել. «Պարզվել է, որ երեխաները տեւական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից, անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Բացի այդ, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը՝ նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք»,- ասված էր ոստիկանության երեկ տարածած հաղորդագրության մեջ:

Քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: