«Եղել է մարդ, ում չեն թույլատրել ներկայանալ Քննիչ հանձնաժողով և այդ մարդը Յուրի Խաչատուրովն է»

0
798
Անդրանիկ Քոչարյան

Forrights.am-ը հարցազրույցի շրջանակներում զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

Պարո՛ն Քոչարյան, Դուք արդեն ավարտել եք Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները, գո՞հ եք այն աշխատանքներից ինչ արեց հանձնաժողովը։

-Երեկվա դրությամբ արդեն գոհ եմ, թե ինչու երեկ, որովհետև դրանից առաջ մեծ ծավալի թղթեր, 100 ժամ ձայնագրություն, աշխատանքային պրոցես։ Ու, երբ արդեն զեկույցի վրա ես աշխատում, ամեն ինչ դնում ես իրար կողքի, մի պատկեր է գալիս՝ ինչը ինչից հետո էր և ինչո՞ւ այդպես եղավ։ Եվ այն հարցերը որոնք մենք մեզ համար նախանշել էինք, դրանց պատասխանները սկսում ես գտնել, ինչը զեկույցի ամենակարևոր բանն է։

Մեր առաջին արձանագրության մեջ ֆիքսված հարցեր են, որոնք համաձայնացրել էինք մեր հանձնաժողովի անդամների հետ և դարձրել ուսումնասիրման առարկան։ Ամեն ինչ սկսվում է մի հարցից՝ հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել, գործողությունների արդյունքում մարդկային ռեսուրսներից և մի քանի սպառազինությունների կորուստները համաչա՞փ է եղել, թե ոչ, հնարավո՞ր էր նվազեցնել տարածքների և զինծառայողների կորուստները, որո՞նք են մարդկային և տարածքնային կորուստների հիմնական պատճառները։

Լրջագույն հարցեր են, որոնք մեր ուսումնասիրման գլխավոր առարկան են եղել։ Պատասխանները հիմնված են թե՛ բացատրությունների, թե՛ այն նյութերի վրա, որոնք մենք ստացել ենք Պաշտպանության նախարարությունից և Պաշտպանական բանակից;

Երբ արդեն նախկին իշխանության փորձագետները փորձում են հերքել Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահի հնչեցրած փաստացի տվյալները, ինձ համար դառնում է ծիծաղելի։ Չէ՞ որ ես պատասխանատու եմ իմ ամեն մի ասած թվի համար։

Երբ ասում եմ՝ 20+ դիրքեր, դա նշանակում է՝ այդ ապացույցները ես արդեն ունեմ; Երբ Դուք ասում եք՝ նման բան չի կարա լինել, ինձ համար էլ ավելի ծիծաղելի է։

Երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասում է՝ այդ ժամանակ Ստեփանակերտի օդում պտտվում էին անօդաչու թռչող սարքեր, հանրապետականներն ասում են՝ այդպիսի բան լինել չի կարող։ Մոռանում են, որ դա ասողը պատահական մարդ չէ; Եվ այսօր, երբ ես հաստատում եմ հնչեցված միտքը, նշանակում է, որ հանձնաժողովը նաև ուսումնասիրել է այդ դրվագները։

-Ինչո՞ւ սկսվեց Ապրիլյան պատերազմը։

-Պատերազմը սկսվեց, որովհետև մենք թուլացել էինք։ Իշխանությունն էր թուլացել, չուներ իմունիտետ երկիրը պահելու։ Երբ ժողովուրդը դարձավ երկրի տերը, դա միանգամից արտացոլվեց բանակի վիճակի վրա։

1994 թվականի զինադադարի պայմանագրից հետո, տարածաշրջանում դրոշը միշտ մեր ձեռքին է եղել, ինչո՞ւ կորցրինք։ Հոկտեմբերի 27-ից սկսած մենք անընդհատ կորցրել ենք մինչև 2018 թվականը։

-Արդյո՞ք զեկույցը փարատում է հանրության մեջ շրջանառվող խոսակցությունները, կասկածները, որոնք կային Ապրիլյան պատերազմից հետո։

-Այս մեկ տարին շատ կարևոր գործընթաց էր բանակի համար, նրա իմիջի հաղթահարման, թերություններն օր առաջ վերականգնելու համար։ Եղել է շատ լուրջ դիմադրություն, որը ես հաղթահարել եմ։ Կարող եմ միայն ասել, որ եղել է մարդ, ում չեն թույլատրել ներկայանալ Քննիչ հանձնաժողով և այդ մարդը Յուրի Խաչատուրովն է։ Նրան չեն թողել, որ գա, ես պարզապես վստահ եմ։ Այնինչ մեր հանձնաժողովում ներկայացել են գեներալներ, երկու նախագահ, վարչապետ։

-Զեկույցի թողարկումից առաջ Սերժ Սարգսյանն ասուլիսով հանդես եկավ և կարծես չասեց այն, ինչը ցանկանում էր։ Գուցե նա ուզում էր զսպե՞լ հանձնաժողովին․

-Ինչպե՞ս կարելի է զսպել հանձնաժողովին։ Սերժ Սարգսյանը, եթե այդպիսի հնարավորություն ունենար, նախ հանձնաժողով չէր գա և մենք զսպված կլինեինք։ Բայց Հայաստանում փոխվել է քաղաքական կարգը, իշխանափոխություն է եղել, որ այս հարցերի պատասխանները գտնենք, ոչ թե զսպվենք։

2016-2018 թվականը լավ էլ զսպված էինք, նույնիսկ իրենց կողմից մշակված գրությունը, փաստորեն, չեն էլ կարդացել։ Դա այն փաստաթուղթն է, որը նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը իր պատկերացումներն էր տվել Ապրիլյան դեպքերի հետ կապված գոնե կարդացած լինեին, նույն Արտակ Զաքարյանը կամ Էդուարդ Շարմազանովը։

Երբ Սերժ Սարգսյանն ասուլիսի ժամանակ ինչ-որ «տեսանկյուններ» է ասում, ես դա շատ լավ հասկանում եմ, քանի որ նա հավանաբար կարդացել էր մեր կողմից հանձնած ներածական նյութը։ Մենք վերցրել ենք կոնկրետ խնդիր՝ ինչո՞վ սկսվեց, ուսումնասիրել դիվերսիոն գործողությունները, վերլուծել՝ պատերա՞զմ էր, լայնածավա՞լ պատերազմ էր, լոկա՞լ պատերազմ էր, ի՞նչ էր և ինչո՞վ ավարտվեց։ Ավարտի ամբողջ սպեկտորը  այն թաքցրած շերտն էր, որը ներկայացնելու ենք զեկույցի մեջ։

Հարցը մշտապես տրվել է, թե արդյոք հնարավոր չէր 2016-2018 թվականին մի որևէ լոկալ գործողությամբ վերականգնել մեր տարածաշրջանի մարտունակ բանակի կարգավիճակը։ Պատասխանն ամփոփված է զեկույցում։

Ես ափսոսում եմ, որ այսօր Սեյրան Օհանյանը գտնվում է մեղադրյալի կարգավիճակով դատարանում։ Եվ դրա մեղավորն առաջին հերթին այն ժամանակվա քաղաքական իշխանությունն է՝ Ռոբերտ Քոչարյանը, ով Օհանյանի և այլ զինվորականների ներքաշեց քաղաքական խաղերի մեջ։ Բայց նրանք պետք է իրենց մեջ ուժ գտնեին և դեմ գնային Քոչարյանի ցանկություններին, քանի որ դրանք հակասահմանադրական էին։ Այդ ժամանակ միայն մեկ մարդ է եղել, որ չի ենթարկվել՝ Խաչիկ Ավետիսյանը, ում վրա գործ սարքեցին, նստեցրին։

Այս ժամանակ բանակի թուլացման գործընթացը գնաց հասավ այնտեղ, որ հակառակորդը որոշեց ստուգել մեր վիճակն այսօր։ Այսօր էլ, երբ ասում են՝ հուլիսյան իրադարձությունները մեր բանակի մեջքը շտկեց, նախկին իշխանությունները իսկույն վեր են թռնում։

-Սերժ Սարգսյանը խոսեց  թերացումների մասին, այդ թերացումները մարդկային կյանքե՞ր արժեցան։

-Այո՛։ Այդ թերացումները, որոնց արդյուքում մարդկային կորուստներ ենք ունեցել, դրանց կատարողներն անպայման պետք է պատժվեն։ Քննիչ հանձնաժողովը քննչական մարմին չէ, սակայն հանձնաժողովը շատ կարևոր գործիքակազմ ունեն․ իրենք ներկայացնում են քաղաքական իշխանությունը, իսկ այսօրվա իշխանությունն ունի բարձր լեգիտիմություն։

-Թերացումների պատասխանատուները հստա՞կ է, թե ովքեր են;

-Այո՛։

-Զեկույցն ո՞ւմ է հասանելի լինելու։

-Կան փաստեր, որոնք շատ խիստ գաղտնի են և չեն հրապարակվի, բայց եզրակացությունը և հիմնական դրույթները հասանելի են լինելու հանրությանը։

-Ապրիլյան պատերազմից հետո, երբ մասնակցություն ունեցած զինվորները վերադառնում էին մարտական գործողություններից, նրանցից շատերի զինգրքույկներում չէր նշվում, որ մասնակցել են պատերազմին։ Արդյո՞ք հանձնաժողովին դիմել են այդ հարցով։

-Դա հեշտ լուծվող հարց է, ի տարբերություն մեր մահացած զինվորների, որոնց սխրանքն ամբողջությամբ գնահատելն իրոք դժվար է։

Պետության խնդիրն է վիրավորում ստացած զինծառայողների հետագա կյանքը թեթևացնելն է։ Այդ տղաներն իրենց կյանքի գնով հակառակորդի ցանկությունները կարողացան մասամբ զսպել։ Այնինչ, այն ժամանակ կոպեկներով ծախում էին բանակից խուսափած լինելու փաստը, իսկ մենք հիմա գալիս ենք՝ խստացնելու։

-Ի՞նչ է արվում այսօր, որ շարքային զինվորը գնահատվի, որ մեջքն ուղղվի։

-Այսօր և անընդմեջ քննարկվում է այս հարցը, ապագա բանակ, զինվոր, փոխհարաբերություններ, սպառազինություն, զինվորի կարևորություն․․․սրանք ամենակարևորն են, որոնք պարբերաբար մեր ուշադրության տակ են։ Շատ կարևոր է, որ մենք հաղթահարենք «ախպերություն» եզրույթը և առաջ գա «եղբայրություն»-ը, որը բնորոշ է Իսրայելի բանակին։

Կանոնադրային հարաբերությունները պետք է կարգավորվեն, այլ փոխհարաբերություններ գան առաջին պլան, խստացումներով չէ, որ պետք է ամեն ինչ բուժել։ Զինծառայողը զորացրվելուց ավել ստացած գիտելիքներով պետք է գնա, որի համար մենք ամեն հնարավորն անում ենք։

Հարցազրույցը ստորև․

Հարցազրույցը վարեց՝ Ժաննա Ալեքսանյանը

Տեսանյութը և լուսանկարը՝ Ազնիվ Սիրադեղյանի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here