Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցով դատական նիստը չկայացավ

0
37
Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցով դատական նիստը չի կայացել, քանի որ պաշտպանական կողմը, այդ թվում` Ծառուկյանը, նիստին ներկա չեն եղել:

Ավելի ուշ Դատական իշխանության մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդության քննությունը հետաձգվել է: Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին ժամը 10-ին:

Հաղորդագրությունում նշվում է, որ ԲՀԿ առաջնորդը և նրա պաշտպանները նիստին չեն ներկայացրել՝ չնայած քանիցս ծանուցվել էին:

«Այսօր՝ 11:00-ին մեկնարկած նիստի ընթացքում, դատարան ներկայացած դատավարության մասնակիցները միջնորդել են դատարանին քննությունն իրականացնել մեղադրյալի և պաշտպանների բացակայությամբ, սակայն, դատարանը հաշվի առնելով հարցի կարևորությունը, որոշում է կայացրել միջնորդության քննությունը հետաձգել սեպտեմբերի 25-ին, ևս մեկ անգամ պաշտպանության կողմին ծանուցելու համար», — հաղորդում է Դատական իշխանության մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 21-ին մերժել էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, ինչից հետո Դատախազությունը դիմել էր Վերաքննիչ քրեական դատարան` պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին։ Դատախազության պահանջը բավարարվել էր մասամբ. Վերաքննիչը ԲՀԿ առաջնորդին կալանավորելու որոշում չէր կայացրել և հարցի քննությունը թողել էր առաջին ատյանի դատարանին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here