Սեպտեմբերի 14-ին Լոռու մարզի դատարանը անսպասելի որոշում է ընդունել: Վաղաժամկետ ազատ է արձակել ծանր հանցագործության՝ սպանության փորձի համար դատապարտված Դ.Հ-ին:
Նա պահվում էր «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Կալանավայրի ղեկավարությունը, պրոբացիայի ծառայությունը նրան համարում էին քրեական հեղինակություն և այդ, և մի շարք այլ չափանիշներով առաջնորդվելով, բացասական եզրակացություն էին տվել վաղաժամկետ ազատման վերաբերյալ դատապարտյալի դիմումին:
Այնպես որ, կարելի էր ասել, Դ. Հ-ի ազատման շանսերը քրեական ենթամշակույթի դեմ ներկայում վարվող պայքարի, վաղակետ ազատման գոյություն ունեցող չափանիշների պայմաններում գրեթե հավասար էին զրոյի:
Դ.Հ-ի պաշտպան Հակոբ Ճարոյանը, որը բողոքարկել էր պրոբացիայի ծառայության և ԿՔՀ տված բացասական եզրակացությունը դատարանում, հայտնեց Forrights.am-ին, որ իր բողոքը քննարկվել է երեք դատական նիստերի ընթացքում: Սպանության փորձի գործով տուժողը հայտարարել է, որ Դ. Հ-ի նկատմամբ պարտք ու պահանջ չունի: Սակայն դատախազը, պրոբացիայի ծառայության և ՔԿՀ ներկայացուցիչները գտնում էին, որ Դ. Հ-ին չպետք է ազատեն:
«Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկից պայմանական վաղաժամկետ ազատում են, եթե քրեակատարողական հիմնարկը, կամ պրոբացիայի ծառայությունը դրական բնութագիր են տալիս տվյալ անձին: Նրա վարքը գնահատվում է որոշակի միավորներով: Սակայն ձևաթղթերը, որոնք լրացնում են անձին բնութագրելու համար, հնացել են: Նախ, դրանք մշակվել են 2-3 տարի առաջ, այսինքն, կորոնավիրուսի համավարակից առաջ: Երկրորդ՝ կան պարզապես անհեթեթ կետեր: Օրինակ, գրված է՝ աշխատել է դատապարտյալը, թ՞ե ոչ: Բայց որևէ մեկը չի հարցրել, թե տվյալ հիմնարկում առհասարակ կա՞ն աշխատատեղեր: Կա, թ՞ե չկա՝ իրենց չի հետաքրքրում: Այդ կետի առաջ գրում են գրում զրո», — ասում է Հակոբ Ճարոյանը:
Դատարանում նա «անցել» է վաղաժամկետ ազատման ձևաթերթիկի կետերի վրայով, յուրաքանչյուրի վերաբերյալ հարցադրումներ կատարելով: Արդյունքում զավեշտալի երկխոսություն է ստացվել: «Օրինակ, ձևաթերթում գրված է, որ Դ.Հ-ն չի մասնակցել «Վանաձոր» ՔԿՀ-ի ինքնագործ խմբերին: Հարցնում եմ ՔԿՀ ներկայացուցչից՝ իսկ դուք կազմակերպե՞լ եք դատապարտյալների ինքնագործունեության խմբակներ: Պատասխանում է՝ ոչ: Կամ ՝ ասում են, որ դատապարտյալը չի մասնակցել կրոնական միջոցառումների: Բայց եթե մարդն աթեիստ է, ինչո՞ւ պետք է մասնակցի», — նշեց Հակոբ Ճարոյանը մեր հարցերին պատասխանելով:
Դատապարտյալ Դ. Հ-ին նրա վաղաժամկետ ազատման դիմումը քննարկելիս, հարցրել են, թե կարող է ասել՝ որն է քրեական ենթամշակույթը: Դ. Հ-ն պատասխանել է, որ չի հասկանում, թե դա ինչ է նշանակում, և նրա այս պատասխանից ՔԿՀ ներկայացուցիչը եզրակացրել է, որ նա կապ ունի նշյալ ենթամշակույթի հետ: Անհեթեթությունների շարանը շարունակվել է, երբ ինքը՝ ՔԿՀ ներկայաուցիչը, պատասխանելով փաստաբանի հարցին, նույնպես չի կարողացել բացատրել, թե ինչ է քրեական ենթամշակույթը և հայտարարել է, որ օպերատիվ տվյալներ ունի, թե տվյալ անձը հանդիսանում է քրեական ենթամշակույթի կրող:
Դատարանին այդ օպերատիվ տվյալները նա չի հայտնել, սակայն նշել է, որ դրանց հիմքը Լոռու մարզի ոստիկանության վարչության եզրակացությունն է, որի համաձայն Դ. Հ-ն քրեական հեղինակություն է հանդիսանում:
Հակոբ Ճարոյանի հարցին, թե ինչպես նա կարող էր հեղինակություն լինել այն քաղաքում, որտեղ ընդամենը ծնվել է, սակայն ոչ մի օր չի ապրել, ՔԿՀ ներկայացուցիչը նույնպես համոզիչ պատասխան չի կարողացել տալ:
Դ. Հ-ին թերևս խոցելի էր դարձնում հեռախոս պահելու համար ստացած նկատողությունը: Այսօր դատապարտյալների 80 տոկոսը հեռախոսներ ունեն: Բայց արդյո՞ք ծառայողական քննություն կատարվել է, ձեզ չ՞ի հետաքրքրում, թե ինչպես է հեռախոսը հայտնվել նրա մոտ: Այս հարցերին ևս բացասական պատասխաններ են հետևել:
Նիստից ընդամենը մի քանի օր առաջ Դ. Հ-ն լյարդի վիրահատության էր ենթարկվել: Հարց ու պատասխանի ժամանակ պարզվել էր, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում նման հիվանդների պահելու պայմաններ չկան:
Դատարանում հնչած պատասխանների հիման վրա, ինչպես նաև այն հանգամանքի, որ դատապարտյալն ունի կալանավայրում պահվելու համար անհամատեղելի հիվանդություններ, դատավորը որոշել է բավարարել նրա բողոքը և ազատ արձակել Դ. Հ-ին:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: