Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Արմեն Ղազարյանի պնդմամբ՝ Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իր նկատմամբ, ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող արտահայտություններ թույլ տվել։ Կատարվածի վերաբերյալ Արմեն Ղազարյանը դիմում է ներկայացրել Ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն և Հատուկ քննչական ծառայություն։

«Եթե մենք չստանանք բոլորի մասով մեղադրական դատավճիռներ, անպայման գնալու ենք Եվրոպական դատարան, որովհետև սա աբսուրդ է, սա անպատժելիության հետևանք է»,- հայտարարեց տուժող Արմեն Ղազարյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Արա Ղարագյոզյանը վստահեցրեց՝ այս անգամ որևէ մեկը չի պլստալու. «Մինչև վերջ, մինչև Նոր Նորքի ոստիկանապետ այս ամենի համար պետք է պատասխան տան, մեր կառավարության համար հետևություններ լինեն»:

Փաստաբանը հայտնեց՝ դեպքից հետո ճնշումներ են եղել տուժողների վրա և ընդգծեց, որ տեղի ունեցածի պատասխանատուն Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն է, և նա պետք է ենթարկվի քրեական հետապնդման, ինչպես նաև քրեական հետապնդման պետք է ենթարկվեն խոշտանգում և բռնություն գործադրող ոստիկանները:

 «Այս անձինք պետք է անհապաղ կալանավորվեն: Ոստիկանության ծառայողական քննությունն ընդհանրապես տեղին չէ, որովհետև պետը և այդ բաժնի բոլոր աշխատակիցները պետք է անհապաղ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Մինչև հիմա Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի պետը պետք է հրաժարական տված լիներ, քանի որ իր ոստիկանական բաժնում մարդկանց հոշոտման գործընթաց է տեղի ունեցել»:

Փաստաբանն ասաց, որ բռնության կիրառման ժամանակ Նոր Նորքի ոստիկանապետն այնտեղ է եղել՝ դեպքի վայրում և ոչ մի քայլ չի ձեռնարկել: Արա Ղարագյոզյանը նաև հայտնեց՝ Արմեն Ղազարյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվել, նաև բավարար հիմքեր կան քրեական գործ հարուցելուց հետո այս անձանց կալանավորելու:

«Կարող է մի ամբողջ ոստիկանական բաժին ներգրավվել, անձնական խնդրով պայմանավորված՝ տանեն, բռնությունների, հոգեբանական ճնշումների ենթարկեն: Գործել է քրեական ենթամշակույթը: Անձանց ծեծելուց հետո հայտնել են, որ տղան, եթե մտնում է ոստիկանական բաժին, ծեծված դուրս չի գալիս, ուրեմն գործ տվող է: Այս ամենին կարևոր է, որ վարույթն իրականացնող մարմինն անդրադառնա: Ոչ միայն գործ ունենք խոշտանգման հետ, այլև քրեական ենթամշակույթի տարածման, որը տիրում է Նոր Նորքի ոստիկանական բաժնում: Հեղափոխությունից հետո էլ էինք խոշտանգումներ տեսնում, բայց երբ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ անձանց տանում են բաժին, դաժան ծեծի ենթարկում, դա աբսուրդ է»:

Տուժող Արմեն Ղազարյանի պաշտպան, փաստաբան Աստղիկ Պապիկյանը հայտնեց, որ դեպքերը տեղի են ունեցել սեպտեմբերի 6-ին:

 «Հինգ- վեց օր հետո միայն, երբ մենք պատկան մարմիններին բարձրաձայնել ենք այդ հարցի մասին, դրանից հետո են միայն ծառայողական քննություն իրականացրել: Դա խոսում է այն մասին, որ այդ օրերին ոստիկանության աշխատակազմը՝ պետի գլխավորությամբ, փորձել է ազդել Արմեն Ղազարյանի վրա, որ նա հերքի իր կողմից դիմումը և ԲԿ-ին տված հայտարարությունը՝ վստահեցնելով, որ այդ դեպքում նրան որևէ վտանգ չի սպառնա, այսինքն՝ խոսքը սուտ մատնության մասին է եղել: Տեսնելով՝ չի հաջողվում՝ նրանք փորձել են այլ մեթոդների դիմել:»:

Հավելենք, որ ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Արմեն Ղազարյանի և ոստիկանների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու անձանց խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest