Մարտի 1-ի գործով տարիներ առաջ ազատազրկված անձանց արդարացմանը զուգահեռ ուսումնասիրվում է այն դատավորների գործունեությունը, որոնք 2020 թվականին Մարտի 1-ի գործերով կեղծված ապացույցների հիման վրա դատավճիռներ են կայացրել, կատարելով երկրի քաղաքական ղեկավարության պատվերը: Արդարադատության դեմ հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացն, ինչպես արդեն հայտնել ենք, նախաձեռնել են ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Խաչատրյանը և ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

 «Մարտի 1»-ով նրանք առնվազն 35 դատավորների կայացրած ակտեր են ուսումնասիրելու: Դատավորների թվում վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին է: Որպես դատավոր սկսել է աշխատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: 2008 թվականին նշանակվել է Երևանի քրեական դատարանի դատավոր, աշխատել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, և 2016 թվականին, Սերժ Սարգսյանի օրոք հասել է կարիերայի գագաթնակետին, նշանակվելով վերաքննիչ դատարանի նախագահ: 

Հարցազրույցներում Ռշտունին ասել է, որ երբեք զանգերով որոշումներ չի կայացրել: Հայտարարել է. «Իմ ամբողջ գործունեության ընթացքում ես փորձում եմ լինել արդար»: «Մարտի մեկի» գործով նրա կայացրած դատավճիռներին ծանոթանալիս առնվազն սկսում ես չհավատալ այս «խոստովանություններին»:

«Դատավարության ընթացքում դատավորն աչքերիս մեջ չնայեց»

ՀՀՇ վարչության անդամ, Լոռու մարզի համակարգող   Աշոտ Մանուկյանը ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ: Վազգեն Ռշտունու կայացրած դատավճռով նա իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, սակայն 2 տարի 8 ամիս ճաղերի հետեւում անցկացնելուց հետո վաղաժամկետ ազատ արձակվեց:

Ոստիկանը, որի ցուցմունքը Վազգեն Ռշտունին համարել է արժանահավատ և որով հիմնավորել է Մանուկյանի մեղքը, ասել էր, որ  Մարտի մեկի առավոտյան, Ազատության հրապարակի ցույցը ցրելու ժամանակ բոլորի ձեռքին քար կար, իսկ Աշոտի ձեռքին քար չկար: Դատախազը, տուժող ոստիկանը և նաև Վազգեն Ռշտունին եզրակացրել են, որ եթե  Մանուկյանի ձեռքին քար չկար, ուրեմն, նա իր քարն արդեն նետել է:

«Աշոտ Մանուկյանը, չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների օրինական պահանջներին, ձեռքերով և ոտքերով հարվածել, հրել ու քաշել է նրանց` կապված ծառայողական պարտականությունների կատարման հետ, որի ընթացքում առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի գումարտակի 2-րդ վաշտի ոստիկան Արտավազդ Պետրոսյանի նկատմամբ` քարե սալիկով հարվածելով նրա ոտքին` առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով», — գրված է Ռշտունու կայացրած դատավճռում:

«Եթե մարդկային ողբերգությունը չլիներ, դա բարձրագույն  կատակերգություն էր», — վերհիշելով դատական դրվագները, Forrights.am-ի հետ զրույցում  ասաց Աշոտ Մանուկյանը: Ո՞րն էր ամենազավեշտալի դրվագը: Հարցին նա պատասխանեց.

«Վկաներից մեկը ցուցմունք տվեց, որ տեսել էր ինձ առավոտյան 06.30, 15 մետրի վրայից՝ որ ես ալեխառն կարճ մազեր ունեմ, ալ կարմիր կուրտկա եմ հագել: Բայց այդ ժամին թանձր մթություն է, եթե մատը աչքդ մտցենին, չէիր տեսնի: Բայց նա ամեն ինչ նկարագրել էր, մոռացել էր կոշիկի համարը ասի: Ես հարց տվեցի իրեն՝ դահլիճում կա՞ն ալ կարմիր հագնված մարդիկ: Նա ոչ մի նման մարդ ցույց չտվեց, թեւ այնտեղ շատ ալ կարմիր հագուստով մարդիկ կային, բայց նա ցույց չտվեց»:

Դատավոր Ռշտունին ինչպե՞ս էր վերաբերվում այս ամենին, ի՞նչ ռեակցիա ուներ, հավատու՞մ էր: «Դատավոր Ռշտունին հանձնարարություն ուներ, որ պետք է կատարեր: Եթե չկատարեր, վերաքննիչ դատարանի նախագահ չէր կարող դառնալ: Էն ժամանակ նա դեռ ջահել տղա էր: Ամբողջ դատավարության ընթացքում դատավորը աչքերիս մեջ չնայեց»:

Գրիգորը տրոլեբույսի վրայից ոստիկանին  “սպառնացել» է, որ կմիզի նրա վրա


Մարտի մեկի ցույցի մասնակից Գրիգոր Աղամալյանին Վազգեն Ռշտունին դատապարտել է ոստիկանին սպառնալու համար: Վկա ոստիկանը ցուցմունք է տվել, որ Գրիգորը տրոլեբույսի վրայից իրեն “սպառնացել” է, որ կմիզի նրա վրա: Ոստիկանին ճանաչել են տուժող, իսկ Աղամալյանին Վազգեն Ռշտունին դատապարտել է 1 տարվա ազատազրկման քրեական օրենսգրքի 225 -րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի» համար:

Ահա ինչպես է նկարագրում Վազգեն Ռշտունին տաքսու վարորդ Աղամալյանի արաքը, որին, ըստ դատավճռի, ուղևորը պատվեր էր տվել իրեն բերել Գրիգոր Լուսավորիչ փողոց, ապա անհետացել էր առանց վճարելու: «Աղամալյանը, երբ նկատել է, որ տրոլեյբուսի տանիքին շատ մարդիկ կան կանգնած, ինքը ևս բարձրացել է տրոլեյբուսի տանիքին, որպեսզի այնտեղից փորձի տեսնել իր ուղևորին: Տրոլեյբուսի տանիքի վրա կանգնած ժամանակ ոստիկանության աշխատակիցները իրեն ձեռքով ցույց են տվել և նայելով ինչ-որ բան են խոսել: Իր այն հարցին, թե այդ ում եք ասում, ոստիկանության աշխատակիցները պատասխանել են, որ քեզ և սկսել են հայհոյել իրեն, որից հետո ինքն ի պատասխան ոստիկանների հայհոյանքների սկսել է հայհոյել նրանց: Դրանից հետո ինքը ցանկացել է հեռանալ այդ տարածքից, սակայն խառնաշփոթ իրավիճակի հետևանքով չի կարողացել մեքենան դուրս հանել և միայն որոշ ժամանակ անց իրեն մի կերպ հաջողվել է մեքենան դուրս բերել»: Այս արարքը որակվել Ռշտունու կողմից որպես «զանգվածային անկարգություն»:

«Բա որ Ռշտունին չլիներ, օրավարձով հովիվ աշխատող մեր Ռոմանը կդառնա՞ր քաղբանտարկյալ»

Ընդդիմադիր հովիվ Ռոման Մնացականյանին էլ, որը  ուղղակի մասնակցել է հանրահավաքին և ծեծվել է շատերի նման, Վազգեն Ռշտունին դատապարտել է երեք ու կես տարվա ազատազրկման: Մնացականյանը դատարանում պատմել է, որ«Կարապի Լճի» մոտ առավոտյան ժամը 6-ից 6:40-ի սահմաններում ոստիկանի հարվածի հետևանքով ստացել է գլխի վնասվածք, գնացել է հիվանդանոց, բուժում ստանալուց հետո գնացել է Ֆրանսիայի դեսպանատան մոտ:

«Բա որ Ռշտունին չլիներ, օրավարձով հովիվ աշխատող մեր Ռոմանը կդառնա՞ր քաղբանտարկյալ, — ասում է ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, — դատավճիռը, եթե ամբողջությամբ կարդաք, տպավորություն կստեղծվի, թե խոսքը գնում է ընդդիմության ղեկավարներից մեկի մասին: Իսկ իրականում Ռոմանը ուղղակի մասնակցել է հանրահավաքին, ծեծվել, խոշտանգվել եւ վերջում դատապարտվել Վազգեն Ռշտունու ձեռամբ»:

Դատավոր Ռշտունին հաստատված է համարել, որ Ռոման Մնացականյանը «ոստիկանների հասցեին հայհոյանքներ է տվել, նրանց վրա քարեր է նետել և իր հետ գտնվող անձանց կոչ է արել հարձակվել ոստիկանների վրա… Մնացականյանի նետած քարերից մեկը դիպել է Սամվել Մկրտչյանի ձախ ոտքին, որի արդյունքում նա ստացել է վնասվածք` առողջությանը թեթև վնաս պատճառող… Այսինքն, Ռոման Հովհաննեսի Մնացականյանը անմիջականորեն կատարել է բռնությամբ ուղեկցված զանգվածային անկարգություններ, որպիսի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին»: Ռշտունու կայացրած դատավճիռներից Մարտի մեկին ոստիկանների թափած արյան հոտն այսօր էլ փչում է:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest